Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանը Բաքու կժամանի օգոստոսի 25-ին

Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանը՝ Ռիչարդ Մորնինգսթարը, Բաքու կժամանի օգոստոսի 25-ին: Այս մասին հայտնի է դարձել ԱՄՆ Ջորջթաուն քաղաքում Ադրբեջանա-ամերիկյան առևտրային պալատում նոր դեսպանի պատվին կազմակերպված միջոցառման ընթացքում, հաղորդում է Trend գործակալությունը:

Միջոցառման ընթացքում Մորնինգսթարն անդրադարձել է էներգետիկ անվտանգության և Կասպիական տարածաշրջանում համագործակցության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և մի շարք այլ հարցերի:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատը Մորնինգսթարի թեկնածությունը դեսպանի պաշտոնում հաստատել է հունիսի 30-ին:

Ավելի վաղ Մորնինգսթարի թեկնածությանը, որին այս պաշտոնում առաջարկել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հավանություն էր տվել Սենատի արտաքին հարցերի հանձնաժողովը:

ԱՄՆ-ն Ադրբեջանում դեսպան չունի 2011թ. դեկտեմբերից ի վեր, երբ իր դիվանագիտական առաքելություն այս երկրում ավարտել է ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան:

Մեկնաբանել