Գնել Սանոսյանն Իրանում քննարկել է Քաջարանի թունելի կառուցման հարցը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ, հայտնում են ՏԿԵ նախարարությունից։

Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել է Քաջարանի թունելի կառուցման հարցը։

«Նախարար Սանոսյանը կարևորել է իրանական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում ընթացող շինարարական պրոցեսներին, մրցութային գործընթացներին։ Սանոսյանն անդրադարձել է նաև Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական մեծածավալ աշխատանքներին, ինչն առաջիկայում թույլ կտա մեծացնել Իրանից եկող բեռնափոխադրումների ծավալները»,- նշված է հաղորդագրության մեջ։

***

«Հյուսիս–հարավ» ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածում նախատեսվում է կառուցել II-րդ տեխնիկական կարգի շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհահատված, այդ թվում՝ 4,7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12,5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ: