Տարածաշրջանում օտարների ցանկացած միջամտություն լուծման փոխարեն նոր խնդիրներ կստեղծի․ Իրանի նախագահ

«Տարածաշրջանում օտարների ցանկացած միջամտություն խնդրի լուծման փոխարեն նոր խնդիրներ կստեղծի»: Այս մասին նոյեմբերի 1-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, փոխանցում է Mehr լրատվական գործակալությունը։

Ըստ նրա՝ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանային դերակատարները։ Իրանի նախագահն ընդգծել է, որ կովկասյան տարածաշրջանում զարգացումները, անվտանգությունն ու խաղաղությունը շատ կարևոր են Իրանի համար։

Ռայիսիի խոսքով՝ Հայաստանի վարչապետի այցն Իրան բեկումնային կլինի երկու երկրների զարգացման համար։ Նա նկատել է, որ նման երկկողմ հանդիպումների անցկացումն ուղղված է Իրանի և Հայաստանի միջև տնտեսական, առևտրային և անվտանգության ոլորտներում հարաբերությունների զարգացմանը։ Այս համատեքստում Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը վերջին ամիսներին 43 տոկոս աճել են․ «Մեր նպատակն է առևտրաշրջանառությունը հասցնել մինչև երեք միլիարդ դոլարի, ինչին կարելի է հասնել երկու երկրների կամքի շնորհիվ»,- ասել է նա։