Քսանամյա պայքարից հետո արդարադատության վերականգնում՝ ՍիվիլՆեթի հրապարակումից հետո

Երևանի բնակիչ Հ. Ղ.-ի՝ երկու տասնամյակ տևած պայքարն ի վերջո արդյունք տվեց. պետությունը իրավունքների խախտման համար նրան կփոխհատուցի 9 մլն դրամ։ ՍիվիլՆեթը դատական վճռի կայացումից առաջ անդրադարձել էր նրա պայքարին։ Ուշագրավ է, որ այս գործը տարիներով ձգվում էր, և ՍիվիլՆեթի հրապարակումից հետո դատարանը հոկտեմբերի 19-ին բավարարեց հայցը։

77-ամյա Հ. Ղ.-ն 20 տարուց ավելի է, ինչ պայքարում է իր իրավունքների վերականգնման, իսկ ավելի կոնկրետ՝ ժառանգության իրավունքի ճանաչման համար։ 2002-ին Երևանի առաջին նոտարական գրասենյակի նախկին նոտար Էմմա Շաբոյանը որոշել էր Երևանի Պարոնյան փողոց, 1 շենք, թիվ 37 բնակարանի նկատմամբ ժառանգություն ճանաչել միայն նրա հոր երկրորդ կնոջը։ Դրանից հետո կինը սկսել էր պայքարել իրավունքի վերականգման համար։

Հայցվորի իրավունքները վարչական դատարանում ներկայացրել են փաստաբաններ Աշխեն Դաշյանը և Դավիթ Ասատրյանը։ Դաշյանը ՍիվիլՆեթին հայտնեց, որ կողմը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմ Արդարադատության նախարարության, որպեսզի դատարանը պարտավորեցնի գերատեսչությանը կողմին տրամադրել նոտարական գործողության հետևանքով պատճառված վնասը՝ 9 մլն դրամի չափով։

«Դատարանը բավարարել է հայցն ամբողջապես։ Այս պահանջը մեկ այլ դատական գործի շրջանակներից էր առաջացել։ Կինը միայն դատական ատյաններում տասը տարի պայքարում էր նոտարի ոչ իրավաչափ գործողությունները դատական կարգով հաստատելու համար։ Պարոնյան փողոցի բնակարանը հոր մահից հետո նա չէր կարողացել ստանալ որպես ժառանգություն, նոտարն ամբողջապես այն տվել էր մյուս ժառանգին, չնայած իմ վստահորդը ժառանգությունն ընդունելու դիմում ներկայացրել էր նոտարին»,- նշեց Դաշյանը։

2020-ին հայցվորն առաջին գործով իր օգտին կայացված վճիռ էր ստացել, սակայն անհնար էր եղել վերադարձնել նախկին դրությունը։

«Բնակարանը վերավաճառվել էր տարբեր անձանց, նույնիսկ մասնատվել էր, այսինքն՝ որպես մեկ ամբողջություն գույք այլևս չկար, նպատակային նշանակությունն էր փոխվել։ Բացի այդ, որևէ մարմին չէր ցանկանում անձի վնասների հատուցում իրականացնել։ Նոտարական պալատն ու արդարադատության նախարարությունը մերժեցին կողմին։ Ստեղծվել էր մի իրավիճակ, որ թե՛ պետությունը, թե՛ համապատասխան մարմինները որևէ կերպ չէին ցանկանում կիսել պատասխանատվության այն ռիսկերը, որոնք առաջացել էին նոտարի գործողության արդյունքում»,- հայտնեց փաստաբանը։

Այս վճիռը ստանալուց հետո էլ կողմը դիմել է վարչական դատարան, որտեղ էլ հաղթել են։

Այս գործը նաև նախադեպային է դատական պրակտիկայում, քանի որ մեծ թվով մարդիկ են եղել, որոնք այս կամ այլ նոտարների գործողությունների արդյունքում տուժել են, դիմել են դատարաններ ու արդյունք չեն ունեցել։ Դատարանները որպես կանոն պնդել են, թե պետությունը պատասխանատու չէ նոտարի գործողության համար։

«Այս դատական ակտով նախադեպային ճանապարհ բացվեց, որ մինչև 2016-ը նոտարի կողմից պատճառված վնասների արդյունքում մարդիկ կարողանան դիմել ու ստանալ փոխհատուցում պետությունից»,- նշեց Դաշյանը։

Այս գործով դատավորը Արգիշտի Ղազարյանն էր։

Մեկնաբանել