ԿԲ-ն 0,5%-ով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 10,5%

Նոյեմբերի 1-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով՝ սահմանելով 10,5%:

ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել 12%, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9,0%:

Կենտրոնական բանկից նշում են, որ սեպտեմբերին 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 9,9%․ «Համաշխարհային տնտեսությունում դիտարկվում են տնտեսական ակտիվության դանդաղման միտումներ: Զարգացած երկրների կենտրոնական բանկերը շարունակում են էականորեն խստացնել դրամավարկային պայմանները: Սա արտահայտվում է միջազգային ապրանքահումքային շուկաներում գների որոշակի նվազմամբ, սակայն ընդհանուր գնաճը ՀՀ հիմնական գործընկեր երկրներում դեռևս պահպանվում է բարձր: Չնայած առաջարկի արժեշղթաների որոշակի վերականգնմանը, առանձին շուկաներում դրանց խաթարումների հետ կապված ռիսկերը պահպանվում են: Արդյունքում՝ համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ 2022-ի երրորդ եռամսյակում ՀՀ տնտեսությունում բարձր ակտիվության միտումները պահպանվում են: Տնտեսական աճը գերազանցապես կրում է արտաքին պահանջարկի դրական ազդեցությունը, մասնավորապես, պահանջարկի ընդլայնմանը նպաստում է միջազգային այցելուների և ՌԴ-ից դրամական փոխանցումների ներհոսքի շարունակական աճը:

«Բարձր պահանջարկը նպաստում է աշխատուժի շուկայի տաքացմանը, ընդհանուր գնաճային միջավայրի ընդլայնմանը և բարձր գնաճային սպասումների պահպանմանը: Նման իրավիճակում կարևորվում է հարկաբյուջետային և դրամավարկային կոորդինացված զսպող քաղաքականության իրականացումը: Խորհուրդը նպատակահարմար է գտնում բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը: Հարաբերականորեն խստացող դրամավարկային քաղաքականությունը և ՀՀ դրամի արժևորումը աստիճանաբար կնպաստեն պահանջարկի զսպմանը և գնաճային սպասումների նվազմանը»,- նշված է ԿԲ տարածած հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել