Արցախում Ադրբեջանից գազ գնելու որևէ նախագիծ, քննարկում կամ մտադրություն չկա

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ

Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի նոր հատված արդեն իսկ ամբողջությամբ տեղափոխվել է օպտիկանրաթելային գիծը (ինտերնետ մալուխը)․ այս մասին ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի կառուցումը շարունակվում է, իսկ գազատար խողովակի կառուցման շինարարական աշխատանքները դեռ չեն սկսվել։

Ըստ նախարարության՝ բարձրավոլտ գծի կառուցումն ավարտին կհասցվի 2023-ին, իսկ գազատար խողովակի կառուցման վերաբերյալ ժամկետներ դեռ չկան։

ՍիվիլՆեթի հարցին, թե ինչու են գազատար խողովակի կառուցման ժամկետները դեռևս անհայտ, պատասխանել են, որ ներկայում քննարկվում է նոր գազատար կառուցելու նպատակահարմարությունը, քանի որ նոր գազատարի կառուցումը բավական թանկ է։

Բարձրավոլտ էլեկտրական գծի կառուցումը իրականացնելու է «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերությունը։

Վերջերս խոսակցություններ են շրջանառվում Ստեփանակերտի և Բաքվի միջև հնարավոր տնտեսական առնչությունների մասին։ Ադրբեջանից գազ գնելու հեռանկարների մասին հարցին նախարարությունից պատասխանել են․ «Ադրբեջանի Հանրապետությունից գազ գնելու որևէ նախագիծ, քննարկում կամ մտադրություն չկա»,- ասվում է պատասխանում։

Շուշին շրջանցող ճանապարհի շուրջ եղել են բանակցություններ, բայց աշխատանք չկա

Տարեսկզբին լրագրող Թաթուլ Հակոբյանը, հայտնելով Լաչինի միջանցքի նոր երթուղու մասին, գրել էր, որ նոր ճանապարհը շրջանցելու է ադրբեջանցիների գրաված Շուշին․ «Դա տեղի է ունեցել ադրբեջանական կողմի պահանջով, որպեսզի հայերը չանցնեն Շուշիի մերձակայքով և չմտնեն Լաչին»:

Սրա վերաբերյալ նախարարությունից հայտնել են, որ Շուշին շրջանցող ճանապարհի շուրջ եղել են բանակցություններ ու որոշակի նախնական ուրվագծեր, «սակայն այս պահի դրությամբ որևէ աշխատանք չկա»։

Օգոստոսի սկզբի արյունալի բախումներից հետո հայկական կողմը ստիպված եղավ համաձայնել մինչև օգոստոսի 25-ը հանձնել Լաչինի միջանցքի բնակավայրերը՝ Բերձոր (Լաչին) քաղաքը, Ներքին Սուս և Աղավնո գյուղերը, ինչպես նաև գործող ճանապարհը։ Այս համայնքների բնակիչների հետ տարհանման հարցերը օգոտոսի 5-ին քննարկել էր Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, իսկ օգոստոսի 8-ին ՍիվիլՆեթի հետ զրույցում նա ասել էր, որ առաջնահերթ կապի և բարձրավոլտ գծերն են տեղափոխվելու Լաչինի միջանցքի նոր հատված, իսկ գազի շուրջ այլ տարբերակներ են որոնվում։

Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի նոր հատվածը գործարկվել է օգոտսոսի 30-ին։

Այս խնդրի մասին բարձրաձայնեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Սեպտեմբերի 28-ին հրավիրած ասուլիսին նա հայտարարեց, որ Արցախի կախվածությունը Բաքվից մեծացել է, քանի որ ենթակառուցվածքները մնացել են հին ճանապարհի վրա․ «Սրա շնորհիվ Ադրբեջանն ուզած ժամին, երբ ցանկանա, կարող է անելանելի վիճակ ստեղծել ղարաբաղցիների համար»։

Անցած տարվա մարտի 8-ին մայրուղային բարձր ճնշման գազատարի վնասման պատճառով Արցախի տարածքում դադարեցվել էր գազամատակարարումը։ Գազատարը վնասվել էր այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Մարտի 16-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմն սկսեց գազատարի վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտվեցին մարտի 18-ին։ Մարտի 21-ին ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվեց գազամատակարարումը, որը մեկ շաբաթ անց՝ մարտի 28-ին, վերականգվեց։

Մեկնաբանել