Թուրքական «Միլիյեթ» թերթը հաշվել է, թե որքան մարդ է զոհվել Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) և Թուրքիայի միջև պատերազմի սկզբից ի վեր:
1984թ․ PKK-ի առաջին ռազմական գործողությունից հետո 28 տարվա ընթացքում թուրքական անվտանգության ուժերի ու քուրդ զինյալների բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 35 հազ. մարդ։ Զոհված քուրդ զինյալների թիվը շուրջ 22 հազ. է, թուրք զինվորներինն ու ոստիկաններինը` 5,5 հազ., իսկ քաղաքացիական անձանց` 6,5 հազ.։
Ըստ թերթի հաշվարկների` Թուրքիայի Արևելյան և Հարավարևելյան Անատոլիա նահանգներում քուրդ զինյալներն իրականացրել են 72,5 հազ. ահաբեկչական գործողություն։
Նշենք, որ քրդական աղբյուրների համաձայն` թուրքական կողմի զոհերի թիվն ավելի մեծ է։ Հատկանշական է, որ Թուրքիայում «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալուց հետո թուրքական բանակի զոհերի թիվը փոքր-ինչ կրճատվել է։