Գերագույն խորհրդի 1992-ի հուլիսի 8-ի որոշումը. ինչ է նախատեսում Արցախի մասին փաստաթուղթը

Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck

Արցախի Ազգային ժողովը հոկտեմբերի 30-ին հայտարարություն ընդունեց` «նվիրված Արցախի Հանրապետության արժանապատիվ ու անվտանգ ապագային»։ Հայտարարությունում առանձին կետով նշվում էր՝ Հայաստանի Հանրապետության ոչ մի իշխանություն իրավունք չունի հրաժարվել Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու առաքելությունից կամ ընդունելի համարել որևէ փաստաթուղթ, որտեղ ինքնիշխան Արցախի Հանրապետության գոյությունը կասկածի տակ կդրվի։

Պահանջ էր դրվում միջազգային հարթակներում հանդես գալ հայկական երկու հանրապետությունների միասնական շահերը պաշտպանելու դիրքերից՝ հիմք ընդունելով ՀՀ Անկախության հռչակագիրը և Գերագույն խորհրդի 1992-ի հուլիսի 8-ի որոշումը։

ՀՀ ԳԽ-ի (Ազգային ժողովի) 1992 թվականի հուլիսի 8-ի որոշումը Արցախի ԱԺ-ն արդեն երրորդ անգամ է մեջբերում իր հայտարարություններում։

Երեսուն տարի առաջ ընդունված այս որոշումը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին» էր։ Դրանում մասնավորապես ասվում է. «Գերագույն խորհուրդը որոշում է […] Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։

Որոշման «վերակենդանացումը» հետպատերազմական շրջանում

2020-ի 44-օրյա պատերազմից հետո Արցախի շուրջ ստեղծված քաղաքական իրավիճակի պատճառով նոր կարևորություն է ստացոլ այս փաստաթուղթը։ Այս որոշմանը առնվազն երեք անգամ հղում է կատարել Արցախի Ազգային ժողովը իր ընդունած հայտարարություններում՝ առաջին անգամ 2021-ի դեկտեմբերին, երբ արձագանքում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին, որում հնչեցվել էին Լեռնային Ղարաբաղի մասով խնդրահարույց պնդումներ, մյուսն այս տարվա ապրիլին՝ ի պատասխան Փաշինյանի՝ Արցախի հարցում նշաձողը իջեցնելու մասին հայտարարությանըշ և երրորդը՝ հոկտեմբերի 30-ին՝ Սոչիում եռակողմ հանդիպումից առաջ։

ԼՂՀ ԱԺ-ի հայտարարություններից առաջինում ասվում է, որ 1992-ի որոշումը «արդիական է նաև այսօր», իսկ երկրորդում ՀՀ ԱԺ գործընկերներին կոչ է արվում՝ «չշեղվել […] որոշման ուղեգծից»։

Հայաստանում ԳԽ որոշումը հիմնականում ընդդիմադիր ուժերն են վկայակոչում, այդ թվում «Հայաստան» խմբակցության պատգամավորներ, արտախորհրդարանական «Ապրելու երկիր» կուսակցությունը, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ-ն և այլք։

Պատմական կոնտեքստը

Հայաստանի Հանրապետության հիմնադրման ակունքներում Լեռնային Ղարաբաղին վերաբերող ամենանշանակալից փաստաթղթերն են՝

Սրանցից առավել կարևորը համարվում է Անկախության հռչակագիրը, քանի որ դրան հղում է արվում ՀՀ Սահմանադրության նախաբանում (պրեամբուլայում)։ Հռչակագրում, իր հերթին, հղում է արվում 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշմանը և ազգերի ազատ ինքնորոշման իրավունքին։ Դրանում նշվում էր, որ հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը հռչակում են Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը: Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները:

Ինչ վերաբերում է ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրին, ապա ինչպես նշեցինք, ՀՀ Գերագույն խորհուրդը այն վավերացրել էր որոշ վերապահումներով։ Դրանց մի մասը վերաբերում էր փաստացի Արցախին, թեև անունը հստակ չէր նշվում։

Օրինակ՝ համաձայնագրի 13-րդ հոդվածի մասով, որում նշվում է, որ այն «բաց է ԽՍՀՄ անդամ բոլոր պետությունների առջև», ԳԽ-ն առաջարկել է լրացնել «այդ թվում ԽՍՀՄ-ի նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին» հռչակագրի ընդունումից առաջ անցկացրել են անկախություն հռչակելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե, և դրա հիման վրա ինքնավար կազմավորման իշխանության բարձրագույն գործադիր մարմինը դիմել է Անկախ պետությունների համագործակցություն՝ նրա կազմի մեջ ընդունվելու խնդրանքով» բառերով:

Այս երկու փաստաթղթերը, ինչպես նաև 1992-ի հուլիսի 8-ի Գերագույն խորհրդի որոշումը՝ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում, իրավականորեն ամրագրել են Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը՝ Արցախի հարցում։

Հատկանշական է, որ 1992-ի ԳԽ այս որոշումը մինչ օրս որևէ կերպ փոփոխության չի ենթարկվել և չի չեղարկվել։

Մեկնաբանել