ԱՄՆ-ն կշարունակի ներգրավված լինել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում․ Պետդեպ

Միացյալ Նահանգները կշարունակի ներգրավված լինել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ անդրադառնալով Սոչիի եռակողմ հանդիպումից հետո ԱՄՆ միջնորդական ջանքերը շարունակելու հարցին։

«Մենք հավատարիմ ենք Հայաստան-Ադրբեջան խաղաղությանը և երկու երկրների միջև բանակցություններին։ Մենք կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունն առանցքային է խնդիրների լուծման և այդ կայուն խաղաղության հասնելու համար, և այդ կայուն խաղաղությանը, ի դեպ, երկու երկրներն էլ հայտարարել են, որ ձգտում են: Այսպիսով, մենք հաջորդ ամիսներին կշարունակենք ներգրավված լինել գործընթացում՝ դյուրացնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումները»,- ասել է նա։

Փրայսի խոսքով՝ ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին նպաստելու է երկկողմ և գործընկերների հետ բանակցությունների ձևաչափով, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների միջոցով։

Ինչ վերաբերում է պետքարտուղարի և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև առաջիկայում հնարավոր հեռախոսազրույցի կամ հանդիպման հարցին, պետդեպի խոսնակը նշել է․ «Կարծում եմ, որ այդ ամենը օրակարգում է: Մենք կանենք այն, ինչն ամենաօգտակարն ենք համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման համար»։

***

Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի էր ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, որի արդյունքներով ընդունվել էր եռակողմ հայտարարություն։

Մեկնաբանել