Ինն ամսում արտերկրից Հայաստան է փոխանցվել 3,46 մլրդ դոլար, 2 մլրդ-ը` Ռուսաստանից

2022-ի առաջին 9 ամիսներին արտերկրից Հայաստան բանկերի միջոցով ֆիզիկական անձանց իրականացրած մասնավոր դրամական փոխանցումները կազմել են 3,46 մլրդ դոլար, որն ավելի քան կրկնակի գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը`1,5 մլրդ դոլար։

Համաձայն Կենտրոնական բանկի հրապարակման՝ փոխանցումների 67%-ը կատարվել է Ռուսաստանից։ Միայն սեպտեմբերին ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել ավելի քան 551 մլն դոլար, ինչը վկայում է այս տարվա մարտից Հայաստան հոսող ֆինանսական միջոցների բարձր տեմպի պահպանման մասին:

Հատկանշական է, որ դրամական փոխանցումների ամբողջ ծավալը չէ, որ մնում է Հայաստանում, մի մասն արտահոսում է: Սեպտեմբերին Հայաստանից արտասահման դրամական փոխանցումները կազմել են շուրջ 242 մլն դոլար, օգոստոսին՝ 181 մլն դոլար: Հայաստանից մասնավոր փոխանցումների եղանակով դրամական միջոցների արտահոսքի ռեկորդը գրանցվել է հուլիսին` հասնելով շուրջ 432 մլն դոլարի:

Անցած ինն ամիսներին Հայաստանից ընդհանուր առմամբ արտահոսել է շուրջ 1,74 մլրդ դոլար: Զուտ ներհոսքը կազմել է ավելի քան 1,7 մլրդ դոլար:

Դեպի Հայաստան մասնավոր դրամական փոխանցումների հիմնական աղբյուրը Ռուսաստանն ու ԱՄՆ-ն են: Օգոստոսին ՌԴ-ից Հայաստան դրամական փոխանցումները սեպտեմբերին կազմել են 416 մլն դոլար, ԱՄՆ-ից` 58 մլն դոլար: Ընդհանուր առմամբ, ութ ամիսներին Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել շուրջ 2 մլրդ դոլար, ԱՄՆ-ից՝ մոտ 320 մլն դոլար:

Մասնագետները հայկական դրամի արժևորումը բացատրում են դեպի ՀՀ դրամական այս փոխանցումների առատությամբ։

Մեկնաբանել