Սահմանազատման հարցով երրորդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 3-ին Բրյուսելում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների երրորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 3-ին Բրյուսելում, հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցեն սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների երրորդ նիստին»,- տեղեկացնում է Հունանյանը։

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը։

Սահմանազատման հարցով առաջին հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին, երկրորդ հանդիպումը՝ օգոստոսի 30-ին Մոսկվայում։

Մեկնաբանել