Պապիկյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է դիտորդական առաքելությանը վերաբերող հարցեր

Նոյեմբերի 2-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը, որը գլխավորել է Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար և Հայաստանում ԵՄ դիտորդական կարողության ղեկավար Մարեկ Շիգելը։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Հանդիպմանը քննարկվել են դիտորդական առաքելության գործունեությանը և համագործակցությանն առնչվող հարցեր:

Աջակցել մեզ

«Պաշտպանության նախարարը, բարձր գնահատելով դիտորդական առաքելության աշխատանքը, վերահաստատել է առաքելության աշխատանքներին աջակցելու պատրաստակամությունը»,- տեղեկացնում է Թորոսյանը։

Հոկտեմբերի 17-ին Եվրամիության Խորհուրդը որոշում էր կայացրել քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով դիտորդական աշխատանքներ իրականացնելու նպատակով։

Որոշումը կայացվել էր հոկտեմբերի 6-ին Պրահայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպման արդյունքում։ Պաշտոնական մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ այն բաղկացած է լինելու առավելագույնը 40 դիտորդ-փորձագետներից, որոնք կդիտարկեն, կվերլուծեն և կզեկուցեն տարածաշրջանի իրավիճակի մասին։