ՍիվիլՆեթը և Թրանսփարենսին շահեցին կառավարության դեմ դատը

Գևորգ Թոսունյան

Վարչական դատարանը նոյեմբերի 2-ին վճռեց պարտավորեցնել կառավարությանը՝ ՍիվիլՆեթին և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին տրամադրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնեմասի նվիրատվության պայմանագիրը։

Աջակցել մեզ

Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանը նոյեմբերի 2-ին բավարարեց ՍիվիլՆեթի («Սիվիլիթաս» հիմնադրամի) և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի համատեղ հայցն ընդդեմ ՀՀ վարչապետի աշխատակազմի, երրորդ անձ՝ «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերության։

Դատարանը վճռեց պարտավորեցնել ՀՀ վարչապետի աշխատակազմին ՍիվիլՆեթին և Թրանսփերենսիին տրամադրել 2021-ի նոյեմբերի 23-ի հարցմամբ հայցված տեղեկատվությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում այդ տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած գործարքների վերաբերյալ։

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան։

2021-ի սեպտեմբերի 30-ին Պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսն անցել էր Մոսկվայում գրանցված «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությանը, որը նույն օրը ձեռք բերած բաժնետոմսերի 15 տոկոսը նվիրել է կառավարության աշխատակազմին։ «Արդյունաբերական ընկերության» սեփականատերը ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն է։ Այս գործարքից հետո ՍիվիլՆեթը հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին դիմել էր կառավարությանը՝ խնդրելով տրամադրել նվիրատվության պայմանագիրը։ Կառավարությունը հրաժարվել էր անել դա՝ շեշտելով, որ «Հայաստանի Հանրապետությունը գործարքի մյուս կողմի հանդեպ ստանձնել է դրա դրույթների գաղտնիությունը պահպանելու պարտավորություն, հայցվող տեղեկատվությունը ձեռք է բերել գաղտնի տեղեկատվության բնույթ»։ Կառավարությունը, նվիրատվության պայմանագիրը համարելով առևտրային գաղտնիք, այն չէր տրամադրել։

Մեկնաբանել