Ծառուկյանի ընկերությունը կառավարությունից 16,5 մլրդ դրամի մաքսային արտոնություն կստանա

ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի «Մուլտի տաբակ» ընկերությունը կառավարությունից 16,5 միլիարդ դրամի մաքսային արտոնություն կստանա։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության նոյեմբերի 3-ի նիստում։

«Մուլտի տաբակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ծխախոտի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։

Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 59 մլրդ դրամի ներդրում՝ հիմնական և շրջանառու միջոցների ձեռքբերման համար։ Արտադրանքի 80 տոկոսը և ավելին նախատեսվում է արտահանել։

Կառավարության հիմնավորման համաձայն՝ ստեղծվելու է 100 նոր աշխատատեղ։