2021-ին Հայաստանում կատարվել են 129,2 մլրդ դրամի օտարերկրյա ուղղակի ներդրումներ

2021-ին Հայաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 129,2 մլրդ դրամ, որից ԵԱՏՄ երկրներին բաժին է ընկել մոտ մեկ երրորդը՝ 40,1 մլրդ դրամ: Այս մասին նոյեմբերի 3-ին ԱԺ-ում 2023-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը։

Իսկ այս տարվա առաջին կիսամյակում, նախարարի խոսքով՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 76,5 մլրդ դրամ, որից 57,5 մլրդ դրամը՝ ԵԱՏՄ երկրներից:

Քերոբյանը նաև անդրադարձել է Հայաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև առևտրաշրջանառությանը։ Նա նշել է, որ 2022-ի հունվար-օգոստոսին ՀՀ-ից ԵԱՏՄ երկրներ արտահանումը երկու անգամ աճել է։

«2022-ի առաջին ութ ամիսներին Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ կազմել է 2,778 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 74,1 տոկոսով: 2022-ի հունվար-օգոստոս ամիսներին արտահանումը ՀՀ-ից ԵԱՏՄ երկրներ կազմել է 1,1 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է երկու անգամ, իսկ ներմուծումը ԵԱՏՄ երկրներից կազմել է 1,67 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 58,7 տոկոսով»,- ասել է նա։

Հայաստանի առևտրաշրջանառությունը միայն Ռուսաստանի հետ կազմել է 2,642 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 71,7 տոկոսով։ Ընդ որում՝ արտահանումն աճել է երկու անգամ, իսկ ներմուծումը՝ 55,3 տոկոսով:

Մեկնաբանել