Դոլարիզացիան ավելացել է 3,2%-ով

Հուլիսին բանկային համակարգում ավանդների դոլարացման մակարդակը ավելացել է 3,2%-ով։ Հուլիսին դրամային ավանդների տ/տ աճը կազմել է 24.2%, իսկ արտարժութային ավանդները հուլիսին աճել են 26%-ով (բացառելով փոխարժեքի փոփոխության ազդեցությունը՝ 12.1%)։

Ըստ ԿԲ-ի «2012 թ. օգոստոս ամսվա վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ» արձանագրության՝ հուլիսին ձևավորվել է դրամավարկային հետևյալ միջավայրը. 12-ամսյա կտրվածքով փողի և դրամային զանգվածներն աճել են համապատասխանաբար 22,1% և 19,3%-ով, որոնց կառուցվածքում դրամային ավանդների տ/տ աճը կազմել է 24,2%: Արտարժութային ավանդները հուլիսին աճել են տ/տ 26%-ով (բացառելով փոխարժեքի փոփոխության ազդեցությունը՝ 12.1%), ինչի հետևանքով դոլարացման մակարդակն ավելացել է 3,2%-ով: Հուլիսին շարունակել են բարձր տեմպերով աճել տնտեսությանը տրամադրված վարկերը` տ/տ 34,7%-ով, որի կառուցվածքում գերակշռող են մնում արտարժութային վարկերը:

Ըստ ԿԲ-ի՝ միջբանկային ռեպո միջին ամսական տոկոսադրույքը հուլիսին կազմել է 10,4%, մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում միջին տոկոսադրույքը՝ 9,1%, բորսայական միջբանկային վարկերի միջին տոկոսադրույքը՝ 9,2%:

ՀՀ արտարժույթի շուկայում հուլիսին դիտվել է դրամի արժևորում. նախորդ ամսվա միջինի համեմատությամբ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամն արժևորվել է 0.5%-ով` փոխարժեքը կազմել է $1/412,6 դրամ, Եվրոյի նկատմամբ` 2,6%-ով՝ կազմելով 1եվրո/506,7 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 0,8%-ով` կազմելով 1 ռուբլի/12,7 դրամ:

Մեկնաբանել