Մի քանի օրից Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների և ԱՄՆ պետքարտուղարի եռակողմ հանդիպում։ Այս մասին ԱԺ-ում 2023-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
ՀՀ ԱԳՆ ղեկավարը նկատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման նկատմամբ կա միջազգային հանրության ուշադրություն։
«Այս ուշադրությունը գնալով ավելի ու ավելի մեծանում է։ Հատկապես սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայից հետո, կարծում եմ, որ միջազգային հանրությունը շատ հստակ ուղերձ հղեց Ադրբեջանին այն մասին, որ ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը չի կարող լինել հարցերի լուծման ճանապարհ»,- նշեց նա։
Միրզոյանը հիշեցրեց, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի էր ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպում։
«Մի քանի օրից ես կմեկնեմ Վաշինգտոն, այնտեղ կլինի իմ և պարոն Բայրամովի ու պարոն Բլինկենի հանդիպում»,- հայտնեց նախարարը։
***
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նախորդ հանդիպումը կայացել էր հոկտեմբերի 14-ին Աստանայում՝ Ռուսաստանի միջնորդությամբ։