Ինչ անել, երբ չի ստացվում առցանց մուծել գույքահարկն ու աղբահանության վճարը

Հոկտեմբեր ամսին Երևանի քաղաքապետարանը բնակիչներին նամակ էր ուղարկել՝ հիշեցնելով քաղաքի բյուջեի նկատմամբ պարտավորությունների կատարման մասին։ Խոսքը անշարժ գույքի հարկի և աղբահանության վճարի մուծման մասին է։ Եթե քաղաքացիները ժամանակին այդ գործողությունները չեն կատարում, առաջանում են տույժեր։ Բացի այդ, քաղաքապետարանը հայտարարել էր, որ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի համաձայն՝ Երևան համայնքի նկատմամբ տեղական հարկերի, տեղական տուրքերի, մատուցվող ծառայությունների դիմաց վճարների, համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի վարձակալությունից կամ օտարումից առաջացող պարտավորությունների վերաբերյալ տեղակատվությունը տրամադրվում է Վարկային բյուրոյին, և բնակիչների պարտավորությունների ժամանակին չկատարելը կարող է ազդել նրանց վարկունակության վրա:

Ըստ քաղաքապետարանի՝ համայնքային բյուջեի նկատմամբ տեղական հարկերի, տուրքերի և վճարների գծով ձեր պարտավորությունները կարող եք իրականացնել առցանց՝ քաղաքապետարանի կայքի էլեկտրոնային ծառայություններ բաժնում, ինչպես նաև հետևյալ բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների բջջային հավելվածների միջոցով (Mobile Banking)։

ՍիվիլՆեթին օրերս քաղաքացիներ էին դիմել՝ պնդելով, որ քաղաքապետարանի կայքի էլեկտրոնային ծառայությունների բաժնի միջոցով չեն կարողանում մուծում կատարել և ոչ էլ հասանելիություն են ստանում գույքահարկի և աղբահանության վճարի չափերին։

Մենք ևս պարզեցինք, որ կայքի նշված բաժնում բացակայում են անշարժ գույքի, ինչպես նաև աղբահանության վճարների մասին տվյալները։ Երևանի քաղաքապետարանի հետ կապ հաստատելուց հետո պարզ դարձավ, որ խնդիրը տեխնիկական է, այն կապված է բնակիչներից որոշների անձնական տվյալների նույնականացման հետ։ Մեզ հայտնեցին, որ անձնական տվյալները մուտքագրելուց հետո քաղաքապետարանի համապատասխան էջում պետք է տեսանելի լինեն բնակիչների անշարժ և շարժական գույքերի վերաբերյալ տվյալները, այդ թվում՝ վճարման ենթակա գումարը, իսկ առանձին բաժնով՝ նաև աղբահանության վճարը։ Հակառակ դեպքում, եթե քաղաքացիները նման տվյալ չեն ստանում, հարկավոր է դիմել իրենց վարչական շրջան՝ տվյալների նույնականացում իրականացնելու համար, որպեսզի հնարավորություն ունենան նաև առցանց կերպով կատարել վճարումները։

Քաղաքապետարանի կայքի համապատասխան բաժիններում նման տեսք պետք է ունենա բնակիչների տվյալների արտացոլումը՝ կախված նրանց գույքային պարտավորություններից։


Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել