Արցախի սահմանադրության փոփոխության  նախագիծը ուղարկվեց Գերագույն դատարան

Նյեմբերի 3-ին Արցախի Ազգային ժողովը 30 կողմ ձայնով Սահմանադրության փոփոխության նախագիծը ուղարկել է Գերագուjն դատարան՝ դրա սահմանադրականության հարցը որոշելու համար։

Նոյեմբերի 3-ին խորհրդարանի օրակարգում հոկտեմբերի 27-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ ընդունված Արցախի Սահմանադրության փոփոխության նախագծի երկրորդ ընթերցման ներկայացնելու մասին հարցն էր:

Խորհրդարանի խոսնակ Արթուր Թովմասյանն ասաց, որ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով նախատեսված է հարցի քննարկման ընդհատում մինչև Գերագույն դատարանից որոշում ստանալը։

Քվեարկությունից առաջ Թովմասյանը համերաշխության կոչ արեց։ Ասաց, որ սա շատ նորմալ գործընթաց է․ «Հենց ժողովրդավարությունը դրա մասին է խոսում՝ կլինի «այո»-ի շտաբ, կլինի «ոչ»-ի շտաբ, արդեն դա երևում է հեռախոսազանգերից։ Եթե այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունվեց սահմանադրական փոփոխությունների մասով այս նախագիծը, դա դեռևս վերջը չէ, մենք այն ուղարկելու ենք Գերագույն դատարանին։ Եթե մեր քաղաքացիները ասում են, որ հակասահմանադրական է այդ նախագիծը, ապա Գերագույն դատարանի որոշումը մեզ բոլորիս համար վերջնական է, ուզում եմ հայտարարել, որ ոչ մի անգամ ոչ միայն Գերագույն դատարանին, այլև արդարադատության ոլորտին, Դատախազությանը, իրավապահ մարմիններին, խնդրանքով չեմ դիմել»։

Ըստ նախագծի՝ Սահմանադրության մի շարք հոդվածներ կարող են փոփոխվել առանց հանրաքվեի, դրա համար բավարար է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի որոշումը։ Իսկ փոփոխոխությունները կարող են նախաձեռնել Հանրապետության նախագահը, ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն հինգ տոկոսը և պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը։

Ավելի վաղ հրապարակված Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում ասվում էր, որ խորհրդարանական և նախագահական ընտրություններն անցկացվելու են առանձին՝ համապատասխանաբար 2023 և 2024 թվականներին: ԱԺ մտած նախագծում այս դրույթը չկա։ Սահմանադրության փոփոխությամբ՝ նախագահական համակարգից անցում է կատարվելու կառավարման կիսանախագահական համակարգի:

Արցախի գործող Սահմանադրությունն ընդունվել է 2006-ին, փոփոխվել՝ 2017-ին։ Սահմանադրության ընդունման, ինչպես նաև փոփոխման պահին Արցախի իրավազորությունը տարածվում էր ոչ միայն նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) գերակշիռ մասի, այլև նախկին ԼՂԻՄ-ին հարակից Խորհրդային Ադրբեջանի յոթ շրջանների վրա՝ ամբողջությամբ կամ մասամբ։ 2020-ի պատերազմից հետո Արցախը կորցրել է վերահսկողությունը ոչ միայն յոթ շրջանների, այլև նախկին ԼՂԻՄ-ի որոշ տարածքների նկատմամբ, այդ թվում՝ Շուշի քաղաքի և ամբողջ Հադրութի շրջանի։

Կարդացեք նաև՝ Արցախում հանրաքվեն կարող է լինել դեկտեմբեր-փետրվարին․ զրույց Հանձնաժողովի նախագահի հետ

Մեկնաբանել