Սահմանազատման հարցով երրորդ նիստին Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել աշխատանքները

Նոյեմբերի 3-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովի երրրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Մինչ նիստի մեկնարկը Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակություններին ողջունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն։

«Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով տարբեր ձևաչափերում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձ են կատարել կազմակերպչական և ընթացակարգային հարցերի։ Հանձնաժողովների համատեղ գործունեության իրավական շրջանակների ձևավորման նպատակով՝ կողմերը պայմանավորվել են արագացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կարգի համաձայնեցման աշխատանքները»,- ասված է հաղորդագրությունում։

Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով որոշել հանձնաժողովների չորրորդ նիստի անցկացման ամսաթիվը և վայրը։

***

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը։

Սահմանազատման հարցով առաջին հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին, երկրորդ հանդիպումը՝ օգոստոսի 30-ին Մոսկվայում։

Մեկնաբանել