Ռուբեն Վարդանյանը նշանակվեց Արցախի պետնախարար՝ ընդլայնված լիազորություններով

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին պետական նախարար է նշանակել Ռուբեն Վարդանյանին։ Նախագահի մեկ այլ հրամանագրով Արտակ Բեգլարյանն ազատվել է այդ պաշտոնից։

Աջակցել մեզ

Արցախի նախագահը ևս մեկ հրամանագիր է ստորագրել՝ ընդլայնելով պետական նախարարի լիազորությունները։ Պետական նախարարն այժմ համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը․

1) առողջապահության նախարար,

2) արդարադատության նախարար,

3) արտաքին գործերի նախարար,

4) գյուղատնտեսության նախարար,

5) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար,

6) սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար,

7) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար,

8) քաղաքաշինության նախարար,

9) ֆինանսների և էկոնոմիկայի նախարար:

Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Արցախի Հանրապետության կառավարության և պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ԱՀ Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարին վերապահված են նաև Արցախի Հանրապետության պետական կառավարման հետևյալ մարմինների ղեկավարների գործունեության համակարգման գործառույթներ՝

  • պետական վերահսկողական ծառայության պետի,
  • կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի,
  • նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահի,
  • պետական եկամուտների կոմիտեի նախագահի,
  • պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահի,
  • ջրային կոմիտեի նախագահի:

Մեկնաբանել