Սոչիի եռակողմ հանդիպումը ձախողում էր Ռուսաստանի համար

Հոկտեմբերի 31-ին Սոչի քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հանդիպումը: Սա ռուսական միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև անցկացված առաջին հանդիպումն էր երկարատև դադարից հետո: Ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո հայ-ադրբեջանական համատեքստում ամենաակտիվ միջնորդի դերը ստանձնել էր Եվրամիությունը: Վերջին ամիսների ընթացքում ակտիվ միջնորդական գործունեություն է իրականացնում նաև Վաշինգտոնը:

Աջակցել մեզ

Սոչիի հանդիպմանը նախորդել էր Եվրամիության ու Ֆրանսիայի միջնորդությամբ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը Պրահայում հոկտեմբերի սկզբին, որի ընթացքում սկզբունքային պայմանավորվածություններ էին ձեռք բերվել այսպես կոչված խաղաղության պայմանագրի օրակարգով: Հայաստանը Պրահայում Բաքվի կողմից ուժի կիրառման սպառնալիքի ներքո համաձայնել էր խաղաղության պայմանագրի օրակարգում առաջ շարժվել ադրբեջանական պատկերացումներով, ինչը ենթադրում է, որ այդ ստորագրվելիք փաստաթղթի մեջ Ղարաբաղյան հակամարտությանը առնչվող որևէ կետ չի ներառվելու: Փաստաթղթի հիմքը ադրբեջանական հինգ սկզբունքներն են լինելու, որոնք հրապարակվել էին դեռևս մարտին:

Ռուսաստանի համար իրադարձությունների այդպիսի զարգացումը վտանգավոր է, քանի որ Հայաստանի կողմից ադրբեջանական պատկերացումներով խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է երկարաժամկետ կտրվածքով կասկածի տակ դնել ռուսական խաղաղապահ առաքելության ներկայությունը Լեռնային Ղարաբաղում: Այդ առումով Սոչիի հանդիպումը վստահաբար արձագանք էր վերոնշյալ գործընթացներին ու միտումներին:

Մոսկվան դեռևս սեպտեմբերի սկզբին Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևի միջոցով կողմերին էր ներկայացրել խաղաղության պայմանագրի վերաբերյալ սեփական առաջարկների փաթեթը, որի 15-րդ կետում նշվում էր, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ապագայում պետք է բանակցություններ տեղի ունենան: Երևանի համար այդ առաջարկները ընդունելի էին, քանի որ առկախում էին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը` ֆիքսելով առկա ստատուս-քվոն: Սա Արցախում հայ բնակչության պահպանման համար որոշակի երաշխիքներ էր ստեղծում: Բաքվի համար այդ առաջարկները աընդունելի են, քանի որ դրանք հակասում են Ադրբեջանի իշխանությունների այն դիրքորոշմանը, որ Ղարաբաղյան հակամարտությունը ավարտված է, իսկ Լեռնային Ղարաբաղի համար հատուկ կարգավիճակի խնդիր գոյություն չունի:

Սոչիի հանդիպմամբ Ռուսաստանը նպատակ էր հետապնդում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում կրկին ստանձնել գլխավոր միջնորդի դերը և եռակողմ հայտարարությամբ արձանագրել, որ այդ բանակցությունները պետք է ընթանան ռուսական պատկերացումների համաձայն: Այդ առումով հանդիպումից բավականին լուրջ ակնկալիքներ կային թե Ռուսաստանում, թե Հայաստանում և Արցախում:

Մինչ այդ` հոկտեմբերի 30-ին, Ստեփանակերտում կազմակերպվել էր բազմահազարանոց հանրահավաք, որի հիմնական ուղերձն այն էր, որ Արցախի համար անընդունելի է որևէ փաստաթուղթ, որը Լեռնային Ղարաբաղը դիտարկում է Ադրբեջանի կազմում: Հայաստանի իշխանությունները ևս հրապարակայնորեն խոսում էին այդ հանդիպումից իրենց ակնկալիքների մասին:

Այնուամենայնիվ, Սոչիի հանդիպման ընթացքում որևէ էական արդյունք չգրանցվեց: Հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության տեքստի մեջ Ադրբեջանի պահանջով չհիշատակվեց Լեռնային Ղարաբաղ եզրույթը: Ռուսաստանին չհաջողվեց նաև հասնել նրան, որ տեքստի մեջ ներառվի կետ, որով կընդգծվեր բանակցային գործընթացում Ռուսաստանի հատուկ դերը կամ հղում կարվեր Խովաևի վերոնշյալ առաջարկներին: Ադրբեջանի արած միակ զիջումը ռուսական խաղաղաապահ առաքելության դերի ու կարևորության մասին կետի ներառումն էր հայտարարության տեքստում: Սա առավելագույնն է, ինչ Պուտինը կարողացավ կորզել Ալիևից: Սակայն նույնիսկ այս կետը ձևակերպված էր Բաքվի համար նպաստավոր բառապաշարով: Խաղաղապահ առաքելությունը, ըստ հայտարարության տեքստի, տեղակայված է ոչ թե Լեռնային Ղարաբաղում, այլ Հարավային Կովկասում:

Սոչիի հանդիպումը և դրա արդյունքում ընդունված եռակողմ հայտարարությունը կարելի է ձախողում համարել Ռուսաստանի համար: Մոսկվան փաստացիորեն կա՛մ Բաքվի վրա ճնշում գործադրելու իրական լծակներ չունի, կա՛մ էլ դեռևս չի պատրաստվում կիրառել դրանք: Ռուսաստանը ի վիճակի չէ նաև լիովին ապահովել անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին:

Այս հանգամանքները դրդելու են Հայաստանի իշխանություններին խաղաղության պայմանագրի հարցում շարժվել ադրբեջանական օրակարգով և արդարացնել այդ որոշումը այլընտրանքի բացակայությամբ: Մոտ ապագայում պետք է ակնկալել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հանդիպումներ բարձր մակարդակով արևմտյան տարբեր մայրաքաղաքներում: Հայ-ադրբեջանական համատեքստում ռուս-արևմտյան դիմակայությունը խորանալու է գալիք շաբաթների ընթացքում, ինչը, անշուշտ, բացասական միտում է Հայաստանի ու տարածաշրջանի համար:

Մեկնաբանել