Միրզոյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը

Նոյեմբերի 4-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավար Մարեկ Շչիգիելին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Աջակցել մեզ

Հանդիպմանը Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի ագրեսիայից հետո տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ԼՂ հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները:

«ԱԳՆ ղեկավարը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում՝ համոզմունք հայտնելով, որ այն իր նպաստը կբերի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը: Մարեկ Շչիգիելը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ԵՄ քաղաքացիական առաքելությանը ցուցաբերած աջակցության համար և ներկայացրել է իրենց գործունեության շրջանակն ու առաջիկա աշխատանքները Հայաստանում: Քննարկվել են նաև հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում:

Հոկտեմբերի 17-ին Եվրամիության Խորհուրդը որոշում էր կայացրել քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով դիտորդական աշխատանքներ իրականացնելու նպատակով։

Որոշումը կայացվել էր հոկտեմբերի 6-ին Պրահայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպման արդյունքում։ Պաշտոնական մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ այն բաղկացած է լինելու առավելագույնը 40 դիտորդ-փորձագետներից, որոնք կդիտարկեն, կվերլուծեն և կզեկուցեն տարածաշրջանի իրավիճակի մասին։