Հայաստանում ՏՏ ոլորտի աշխատավարձերն իսկապե՞ս համադրելի են ամերիկյանի ու եվրոպականի հետ

Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 1-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատողների միջին աշխատավարձը գրեթե համադրելի է ամերիկյան և եվրոպական նույն ոլորտում աշխատողների աշխատավարձերին։

Աջակցել մեզ

Ըստ Քերոբյանի՝ Հայաստանում ՏՏ ոլորտում աշխատում է 24 500 մարդ և նրանց միջին աշխատավարձը 1,15 մլն դրամ է։ Դրանից շուրջ մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 3-ին, Քերոբյանը հայնել էր, որ միջին աշխատավարձը IT (ՏՏ) ոլորտում օգոստոսի տվյալներով 1,1 մլն դրամ է։

«Օգոստոսի տվյալներով IT ոլորտի 24 000 աշխատատեղերի միջին աշխատավարձը մոտ 1,1 մլն դրամ է, որն արդեն շատ մոտ է թե՛ ամերիկյան, թե՛ եվրոպական աշխատավարձներին»,- ասել էր նա։

Այսօրվա փոխարժեքով ($1 = 395 դրամ) Քերոբյանի փոխանցած տվյալներով ՏՏ ոլորտի միջին ամսական աշխատավարձը $2800 – $2900 է կամ տարեկան $33 000 – $35 000:

Համադրելով Քերոբյանի և Վիճակագրական կոմիտեի տվյալները՝ պարզ է դառնում, որ Հայաստանում ՏՏ ոլորտում միջինը աշխատավարձը 1 մլն դրամի շեմը հատել է այս տարվա օգոստոսին։

ՏՏ աշխատողների աշխատավարձերն այլ երկրներում

ԱՄՆ-ում ՏՏ ոլորտի աշխատակիցները ամենաբարձր վարձատրվողներից են։ Նրանց աշխատավարձների միջինը շատ տարբեր է՝ կախված, թե ինչպես է հաշվարկվում։ Ըստ salary.com կայքի՝ ԱՄՆ-ում ՏՏ ոլորտի միջին տարեկան աշխատավարձը հոկտեմբերի վերջի դրությամբ ավելի քան $210 000 է, կամ ամսական $17 600։ Ընդհանուր առմամբ, ՏՏ ոլորտի աշխատավարձերը հիմնականում տատանվում են $60 000 – $360 000-ի միջակայքում, կամ ամսական $5 000 – $30 000։

Ըստ ԱՄՆ աշխատանքի պետական բյուրոյի տվյալների՝ «համակարգչային և մաթեմատիկական» զբաղվածություն ունեցող աշխատողների միջին տարեկան աշխատավարձը 2021-ի մայիսի դրությամբ $99 860 էր կամ ամսական $8 322։ Ստորև ներկայացված են ՏՏ ոլորտում որոշ հաստիքների միջին աշխատավարձը՝ տարեկան և ամսական կտրվածքով, ըստ բյուրոյի։

Բրիտանիայում, ըստ բրիտանական cwjobs.co.uk կայքի, ՏՏ ոլորտում միջին տարեկան աշխատավարձը $53 500) է, այսինքն ամսական՝ գրեթե $4500։

Ըստ Բրիտանիայի ազգային վիճակագրական գրասենյակի՝ 2022-ի դրությամբ «տեղեկատվության և հաղորդակցության» որոլտում միջին աշխատավարձը տատանվում է $45 000 – $52 000, ամսական $3 700-ից $4 400 շրջակայքում։ Իսկ «համակարգչային ծրագրավորում, խորհրդատվություն և հարակից գործունեություն» ոլորտի միջին աշխատավարձը կազմում է $47 000-$54 700 կամ ամսական $4 000-ից $4 560:

Եվրոպայի այլ զարգացած երկրներում ևս ՏՏ ոլորտի աշխատավարձերը բարձր են։ Գերմանիայում ՏՏ ոլորտի աշխատավարձերը տատանվում են $3400-8000-ի սահմաններում, և ըստ Գերմանիայի դաշնային վիճակագրական վարչության՝ տարեկան այն կազմում է մոտ $70 000՝ կրկնակի ավելի, քան Հայաստանում։

Ինչ վերաբերում է Արևելյան Եվրոպային, ապա այստեղ ՏՏ ոլորտում աշխատավարձերը համեմատաբար ցածր են:

Օրինակ՝ Լատվիայում, Խորվաթիայում և Հունգարիայում ՏՏ ոլորտի մասնագետները ավելի քիչ են վարձատրվում՝ համապատասխանաբար տարեկան միջինը $31 000, $27 000 և $24 000։

Լեհաստանի մասով տվյալներն ավելի հին են. ըստ պաշտոնական վիճակագրության՝ ծրագրավորողների միջին աշխատավարձն այդ երկրում 2020-ին կազմել է 157 300 զլոտի, այն ժամանակվա փոխարժեքով շուրջ $ 39 000։

Միաժամանակ հարկ է նշել, որ հոդվածում նշված են անվանական (կեղտոտ) աշխատավարձերը։ Հայաստանում ՏՏ ոլորտի աշխատողների կողմից վճարվող եկամտահարկը բավականին ցածր է՝ 10%:

Այսպիսով, նախարար Քերոբյանի պնդումը, թե Հայաստանում ՏՏ ոլորտի աշխատավարձը համադրելի է ամերիկյան և եվրոպական նույն ոլորտի աշխատավարձերին, մեծամասամբ սխալ է։ Այն կարող է համեմատվել միայն Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների աշխատավարձերի հետ։

Մեկնաբանել