Ձեռք-ձեռքի՝ անապատացման դեմ պայքարում. Վիվա-ՄՏՍ-ը տվել է լերկ սարն անտառ դարձնելու մեկնարկը

Որևէ երկիր չի կարող շրջանցել կլիմայի փոփոխության հնարավոր վտանգները, եթե իրատեսորեն չգնահատի դրանց գոյությունն ու չընտրի լուծման ճանապարհ: Ընթացիկ տարում ձևավորված գործընկերության միջոցով, Վիվա-ՄՏՍ-ն ու «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունը անտառապատման թիրախավորված ծրագիր են իրականացնում: Ընդամենը 11% անտառածածկույթ ունեցող Հայաստանում անտառստեղծման և անտառվերականգնման աշխատանքներ կազմակերպելը ոչ միայն կարևոր է, այլև՝ կենսականորեն անհրաժեշտ: Հայկական էնդեմիկ ծառերի սերմերից տնկիներ ստանալը, դրանց խնամքով զբաղվելը և անտառ տեղափոխելը՝ երկարաժամկետ արդյունքն ապահովող նպատակ է դարձել:

Աշնանային անտառտնկման աշխատանքների ընթացքում 20 000 ծառ տնկելը կարևոր է գործընկեր կազմակերպությունների համար: Նպատակից իրագործում ճանապարհը, սակայն, նույնքան բարդ է, որքան ծառատունկի համար ընտրված տարածքը՝ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բարձր լեռնային հատվածը։ Լիաքարշակ մեքենաների ընթացքն այստեղ սահմանափակվում է հայկական լեռնաշխարհին հատուկ ռելիեֆի պատճառով: Ոտքով սար բարձրանալու համար էլ անհրաժեշտ է որոշակի փորձառություն՝ լեռնագնացության հարցում: Վիվա-ՄՏՍ-ի կամավորական խումբը, գործընկեր կազմակերպության հորդորով ձևավորվել է այդ սկզբունքով: Լերկ սարի վրա, 6 հա տարածքում, իրենց արմատները կամրացնեն դալար տնկիները:

«Առաջին ծառը տնկել եմ որդուս ծննդյան օրը՝ 22 տարի առաջ: Խորհրդանշական այդ օրը կարևոր է եղել ինձ համար նաև հետագայում՝ այլ ծառատունկերի մասնակցելու ժամանակ: Առողջ, մաքուր և անվտանգ միջավայրում ապրելու համար, պետք է լինենք ոչ միայն սպառող, այլև անձնական ներդրում ունենանք: Դա կարող է արտահայտվել հոգատարությամբ, աշխատասիրությամբ, հետևողական և նվիրված աշխատանքով: Այն, ինչ արվում է այսօր՝ երկարաժամկետ ազդեցություն է ունենալու: Ուրախ եմ, որ Վիվա-ՄՏՍ-ի արժեհամակարգում կա այդ գիտակցությունն ու նվիրումը: Չեմ ուզում առանձնացնել նաև մեր բաժանորդներին, ովքեր գնահատում են մեր ընկերության արժեհամակարգը և իրենց անուղղակի ներդրումն ունեն նման ծրագրերում»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Տարբեր կազմակերպությունների իրականացրած անտառտնկման գործն ազդարարող՝ տեղեկատվական վահանակները, անտառների ծավալը մեծացնելու իրազեկման մաս են կազմում: Դրանց տեղադրումն ու ցանկապատված տարածքները հստակ նշում են գործընկեր կազմակերպության աջակցության սահմանները: «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնադիրն ու գլխավոր տնօրենը բարձր է գնահատում «կանաչ մտածողության» շուրջ համախմբումն ու Վիվա-ՄՏՍ-ի հետ ձևավորված նոր գործընկերությունը:

«Ուրախ եմ Վիվա-ՄՏՍ-ի հետ նոր մեկնարկած գործընկերության համար: Անտառ ստեղծելու կարևորությունը գիտակցելն ու կոնկրետ քայլեր ձեռնարկելը շատ կարևոր են: Խոսքը ոչ միայն ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու, այլև ջրային ռեսուրսները պահպանելու մասին է: Մեր երկրի խմելու ջրի 80 %-գալիս է անտառից: Այստեղից կարելի է հստակ եզրակացություն անել: Բարեբախտաբար, Հայաստանում սկսել է ձևավորվել «կանաչ մտածողությունը», բայց դեռ ցանկալի մակարդակի չենք հասել: Մարդիկ պետք է գիտակցեն, որ անտառը կարևոր է, եթե նույնիսկ, ապրում են քաղաքի մեջ: Աշխարհում կլիմայի փոփոխություն կա և դժվար է գնահատել, թե ինչ կլինի ապագայում: Հետևաբար՝ որքան շուտ սկսենք կոնկրետ քայլեր իրականացնել, այնքան արդյունքը ավելի իրական կլինի»,- ասել է «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն Անտրէ Գումուշճեանը:

Համատեղ ծրագրով գործընկերները լուծում են ոչ միայն բնապահպանական, այլև մասամբ՝ մարզի բնակչության զբաղվածության խնդիրը: «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնական աշխատողների գրեթե 80%-ը Լոռու մարզի բնակիչներ են։ Այս աշնանային անտառտնկմանը նրանց են միացել ավելի քան 190 հոգի։ Նրանց միջոցով, նոր ստեղծված տնկադաշտում անհրաժեշտ խնամքը շարունակվելու է նաև ծառատունկից հետո՝ շուրջ 3 տարի: Այդ ժամանակահատվածը բավարար է լինում համոզվելու, որ տարածքը տարիներ հետո անտառ է դառնալու։

Ընթացիկ տարվա աշնանը 20 000 ծառ տնկելու համար, Վիվա-ՄՏՍ-ը, որն արդեն 17 տարի Հայաստանի տարբեր մարզերում բնապահպանական նշանակության ծրագրեր է իրականացնում, ներդրել է 12,6 միլիոն դրամ:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 88 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com