Երբ ասում ենք՝ Արցախում ապրելը հերոսություն է, այնտեղ ապրողին անելու ոչինչ չենք թողնում

Դուք բոլորդ հերոսներ եք, Արցախում բոլորն էլ հերոսներ են․ այս միտքն է երեկ արտահայտել Արցախի նորանշանակ պետնախարարը կառավարության նիստում, որտեղ իրեն ներկայացրել են։ Ու աջուահյակ բոլորը երջանիկ էին, գոհ ու հերոս։ Թե՛ նշանակողը, թե՛ նշանակվողը, թե՛ այս որոշմանը լուռումունջ ու անծպտուն, կներեք՝ հերոսաբար հավանություն տվողները։ Ու իրենց հերոսության մասին ասվածն օլիմպիական հանգստությամբ ընդունած տիկնայք ու պարոնայք։ Ու ասողն էլ է հերոս, ինչպես և մերձակա լսողները, ինչպես և տարիներ շարունակ այս այբեջառ նաղլ-հեքիաթներն ուշիմ ունկնդրողներն ու ակնդրողները, որոնց գլխին նաղլավերջում ոչ թե երեք խնձոր ընկավ, այլ սնարյադներ, այն էլ շատ։

Գեղամ Բաղդասարյան

Վաաաբշե՝ լոխ էլ հերոս ըն։ Անխտիր բոլորը։ Կառավարության հերոսական շենքից դուրս եկ ու առաջին պատահածդ հերոս է։ Երկրորդ պատահածն էլ, երրորդն էլ, տասնհինգերորդն էլ, հարյուրքսանհիգերորդն էլ, յոթանասունհինգհազարերորդն էլ, վերջին՝ վիճակագրական հարյուքսանհազարերորդն էլ։ Բոլորն էլ ու ամենուր հերոսներ են։ Հրապարակում, նախագահականում, հյուրանոցախորհրդարանախառը շենքում, Արցախբանկում, հարևան բակում, Պիտաչոկում, կալցևոյում, բազարում, Շուշվա ուգլում, մորգում, բալնիցում, բանտում, մյասակամբինատում, քաղաքում-ավանում-գյուղում, Հայկավանում ու Հայկազովում, յայլաղներում, սարերում ու հովիտներում, ճամփեքին ու տուպիկներում, 9-րդ հարկերում ու պադվալներում։

Ու ոչ ոք չի պլստում հերոսական այս ծուղակից։ Հերոս են ամենուր ու ամենեքյան։ Նախագահը, խորհրդարանի խոսնակն ու հարակից-կից-առընթեր բոլոր խոսնակները, պետնախարարն ու նախարարները, դրանց նախորդները, պետական ծառայողներն ու մասնավոր գործով զբաղվածները, ֆուտբոլիստն ու շինարարը, ուսուցիչը, փրկիչն ու մատնիչը, զրպարտիչն ու զպրտիչը, քաղաքաբնակն ու գյուղաբնակը, անտունն ու տունը հոր գնով վարձով տվողը, գողն ու իրավապահը, ավազակն ու բարոյախոսը, մարդասպանն ու իրավապաշտպանը, գրողն ու գրագողը, վերահսկողն ու գանձագողը, քահանան ու խաչագողը, միանձնուհին ու գիշերային թիթեռնիկը, բազմազավակն ու բազմազավզակը, որկրամոլն ու ասկետը, սրիկան ու ասպետը, չաղն ու նիհարը, քաչալն ու կուդրյավին, բուսակերն ու մարդակերը, պաթոսն ու Թաթոսը, Շորն ու Շորշորը, միրքավորն ու քոսակը, բրատուխան-սեստրուխան-ծյոծուխան, պախանն ու մատուխան, մի խոսքով՝ լուխճին դամավոյ կնիժկոցումը հու կա։ Պագալովնի։ Մեր ամենապախան Պուծինն էլ մըզնըհետ ու մըզըրա շուքավեր։

Իսկ հիմա՝ մի քիչ ավելի լուրջ։

Այս ամենի ելակետն այն պնդումն է, որ Արցախում այսօր ապրելը հերոսություն է։ Մինչդեռ Արցախում այսօր պարզապես ապրելը հերոսություն չէ, Արցախում այսօր արժանապատիվ ու գիտակից ապրելն է հերոսություն։ Արցախում իշխանության ներկայիս որակն ու պետականաշինության առկա մակարդակը, մեղմ ասած, անհամադրելի են երկրի ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հետ, իսկ ոչ մեղմ ասած՝ մահացու վտանգավոր են։ Ու սա անվտանգության ու զարգացման համար ամենալուրջ խոչընդոտն է։ Ու այսպիսի իշխանություն հանդուրժող հանրությունն էլ է խոչընդոտ, ավելի ճիշտ՝ ինքնախոչընդոտ։ Այս ահավոր կորուստներից հետո էլ ոչինչ չի փոխվել, անհավանական է, բայց ոչինչ, ոչինչ չի փոխվել։ Ու շարունակվում է այն վիճակը, որը մեզ այս օրին է հասցրել։ Ու երբ ասում ենք, որ Արցախում այսօր ապրելը հերոսություն է, ապա Արցախում ապրողին այլևս անելու ոչինչ չենք թողնում (հերոսությունից առավել ի՞նչ կարող են անել այս սովորական մահկանացուները), Արցախում ապրողին փաստացի ասում ենք՝ ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես եղել է, համակերպվիր այդ մտքին, հանգիստ ապրիր ու առանձնապես մի թպրտա։

Երբ պետական ամենաբարձր մակարդակով ասում ենք՝ Արցախում ապրելը, պարզապես ապրելը հերոսություն է, ապա հստակ արձանագրում ենք, որ արդեն եղել է Մեծ համաներումը՝ նախորդ բոլոր մեղքերի համար, ավելին՝ որ արդեն իսկ կա Մեծ ինդուլգենցիան՝ գալիք բոլոր մեղքերի համար։ Ու սրանով ամբողջանում է մեզ ծնկի բերած ու բերող գաղափարական մոդելը։ Պատերազմի խայտառակ արդյունքներից հետո նախագահը քանիցս ասել էր, որ ողջ աշխարհը մեր դեմ էր, դրա համար էլ այսպես եղավ։ Հիմա սրանից արվեց տրամաբանական եզրակացությունը՝ մենք հերոսներ ենք։ Ու ինչքան շատ են այս թեզերը հերքող փաստերը, այնքան, ինչպես ասում են, ավելի վատ փաստերի համար։ Ուստի մեզ դեռ սպասում է հերոսական ևս մի փուլ՝ փաստախույզ-ռևիզիան։ Նոր պատմություն է կերտվելու, հին պատմություն է կրտվելու։

Երբ ասում ենք՝ Արցախում ապրելը, պարզապես ապրելը հերոսություն է, ապա «տոնկի նամյոկավ» ասում ենք՝ դուք շարունակեք պարզապես ապրել, հերոսաբար ապրել, ի հեճուկս ամեն ինչի ապրել, իսկ մենք էլ մեր գործով, ավելի ճիշտ՝ մեր բիզնեսով կզբաղվենք։ Դուք ուրիշ անելիք չունեք, որովհետև եթե ունենաք՝ մենք բիզնես չենք ունենա։ Դուք պարզապես հերոսացեք, ձերը հերոսանալն է։ Ու առանց մուննաթի. էլ ի՞նչ եք ուզում մեզնից, չէ՞ որ մենք ձեզ հերոսացրինք։

Երբ ասում ենք՝ Արցախում ապրելը, պարզապես ապրելն արդեն իսկ հերոսություն է, ու բոլորը հերոսներ են, ապա միանգամայն տարբեր մարդկանց այսպես «բոլորելով» դարձնում ենք հոտ։ Հոտ, որին հովիվ է պետք։ Ու հովիվը գալիս է։ Անխուսափելիորեն գալիս է։ Ու հովվից փրկություն չկա։ Ինչպես չկա գայլուգազանից։ Չկա՝ հոտի համար։ Կա՝ գիտակից հանրության համար։

Նոր ղեկավարը, ցանկացած ոք, ով ուզում է բարեփոխել երկիրը ու դնել գալիք հաղթանակների հիմքը, պետք է ծայրագույն անկեղծությամբ, ամենայն անողոքությամբ ու գերագույն սրտացավությամբ ի ցույց դնի մեր պարտությունների ու անհաջողությունների պատճառները, փորձի ճշմարտությամբ բուժել մեր արատները։ Իսկ երբ ծանր վիճակում գտնվող հիվանդին պարզապես ցավազրկում ես, ուրեմն դու նրա ապագան չես տեսնում։ Ուրեմն՝ նվազագույնը դու նրա հարազատը չես։

Մեկնաբանել