Արցախի սահմանադրական փոփոխությունների խառնաշփոթը

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ

Արցախում սահմանադրական փոփոխությունները ընթացքի մեջ են: Դրանք ոչ մի կերպ չի կարելի համեմատել 2017-ի սահմանադրական փոփոխությունների հետ: Մեր սիրելի քաղաքական ուժերն ու պաշտոնյաները հենց այն ժամանակ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացումը մեկ օրվա մեջ տեղավորեցին: Հենց այդ՝ 109-րդ հոդվածն (Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի ընտրությունների հետ միաժամանակ) են ուզում փոփոխել նույն մեր կարկառունները:

Եթե հավատանք փորձագիտական որոշ շրջանակների, ապա սահմանադրական փոփոխությունների նպատակը առաջին հերթին երկրի ղեկավար նշանակելու այլընտրանքային տարբերակ ունենալն է: Այսինքն՝ սկզբում խորհրդարանական ընտրություններ պիտի լինեն, հետո նախագահական, որպեսզի ֆորս մաժորի դեպքում օրենսդիրը գործադիր ձևավորելու, իշխանություն վերցնելու հնարավորություն ունենա:

Սակայն նախատեսվում է այդ 109-րդ հոդվածը ոչ թե միանգամից փոխել, այլ դրա փոփոխելու լիազորությունները հանրաքվեից հետո տրամադրել Ազգային ժողովին:

Սահմանադրական փոփոխությունների բարեհաջող ավարտից հետո հենց պատգամավորները իրենք կարող են տարանջատել խորհրդարանական ու նախագահական ընտրությունները: Իսկ փոփոխություն կարող են նախաձեռնել նախագահը, ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների հինգ տոկոսը և հենց իրենք՝ պատգամավորները :

«Հանրաքվեական» հոդվածների շարքից հանվել է նաև 90-րդ հոդվածը, որն ասում է, որ «Հանրապետության նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների դադարեցման կամ նրան անվստահություն հայտնելու, պաշտոնանկ անելու, ինչպես նաև Ազգային ժողովը արձակվելու դեպքերում նշանակվում են Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ»: Այսինքն, այդ հոդվածը փոփոխելը նշանակում է, որ նախագահի հետ բան պատահելու դեպքում Ազգային ժողովի «կյանքը» պահպանվում է:

Նախատեսվում է նաև կառավարման նախագահական համակարգից անցում կատարել կիսանախագահական համակարգի: Նախագծում հանրաքվեից հանվողների շարքում է «Հանրապետության նախագահի կարգավիճակը», ինչպես նաև «Հանրապետության նախագահի ընտրության կարգը և ժամկետները», «Հանրապետության նախագահի անձեռնմխելիությունը», «Հանրապետության նախագահի լիազորությունները ազգային անվտանգության բնագավառում», «Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելը», «Ազգային ժողովի կարգավիճակը և գործառույթները» հոդվածները: Մի խոսքով, հանրաքվեին են թողնում միայն «Արցախի Հանրապետության իրավազորության սահմանները», իսկ 163-րդ հոդվածը սահմանում է անփոփոխելի հոդվածները, որոնք են՝ Սահամանադրության 1-ից 4՝ «Արցախի Հանրապետությունը», «Ժողովրդի ինքնիշխանությունը, «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները» և «Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը» հոդվածները:

Առաջին ընթերցմամբ նախագիծը անցավ, հիմա Գերագույն դատարանում պիտի հատատվի դրա սահմանադրականության հարցը: Հունիսին Սիվիլնեթի հետ զրույցում Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Լազարյանն ասում էր, որ հավանաբար դեկտեմբեր-փետրվար ժամանահատվածում հանրաքվե կլինի:

Պաշտոնյաներից մեկը, կարծես, հիմնավոր բացատրություն տվեց, թե ինչու չեն սահմանադրական փոփոխությունների մասին շատ ծավալվում. «Արի հիմա արցախցուն բացատրի, թե ինչու իրեն ծանր պատերազմից հետո սահմանադրական փոփոխություններ են անհրաժեշտ։ Գլխիդ կտան միանգամից»:

Արցախում մեկ այլ մտահոգություն կա կապված ժողովրդավարության սպառնալիքների հետ: Հենց դրա հետ է թերևս կապված Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հուզական ելույթը խորհրդարանի նոյեմբերի 3-ի հատուկ նիստում: Նա համերաշխության կոչ արեց ու ասաց, որ ժողովրդավարությունն ապահովվելու է, «այո»-ի ու «ոչ»- շտաբ է լինելու: Ասաց, որ դա զգում է հեռախոսազանգերից (երևի մարդիկ զանգում և գանգատվում են, արցախյան առանձնահատկություն է, քաղաքականության հրապարակայնացման ավանդույթ չկա):

Մեկնաբանել