Հայաստանում այս տարվա երրորդ եռամսյակի տվյալներով գրանցվել է անշարժ գույքի 53 278 գործարք։ Այդ մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի հրապարակած ցուցանիշերից։ Գործարքների մեծ մասը կատարվել է Երևանի, Կոտայքի ու Արարատի մարզերում։
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում իրականացված գործարքները այս տարվա երրորդ եռամսյակի կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել են 2,7 տոկոսով, բայց մի փոքր պակաս երկրորդ եռամսյակի հետ համեմատությամբ։ Հիմնականում գործարքները վերաբերել են օտարմանը՝ առքուվաճառքի թվերը նվազել են 15 տոկոսով, նվիրատվության դեպքերն աճել են մոտ 43 տոկոսով, իսկ փոխանակումները աճել են ավելի քան երկու անգամ։ Գործարքները հիմնականում վերաբերել են հողերին ու անհատական բնակելի տներին։
Ինչպես նախորդ ժամանակահատվածներում, Երևանում ամենաշատ գործարքներն իրականացվել են Կենտրոն վարչական շրջանում, իսկ ամենաքիչը՝ Նուբարաշենում։ Հանրապետությունում առքուվաճառքի գործարքներն ամենաշատը իրականացվել են Երևանում՝ ընդհանուր գործարքների 32,5 տոկոսը բաժին է հասել Երևանին, իսկ ամենաքիչ գործարքները եղել են Վայոց ձորի մարզում։ Ըստ Կադաստրի կոմիտեի վերլուծության՝ Երևանում, բացառությամբ Դավիթաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջանների, մյուս բոլոր վարչական շրջաններում առքուվաճառքը նվազել է՝ Քանաքեռ-Զեյթունում ընդհուպ 47,7 տոկոսով։
Չնայած Երևանում առքուվաճառքի գործարքների նվազմանը՝ անշարժ գույքի քառակուսի մետրի գները շարունակում են իրենց կայուն աճը, ըստ վարչական շրջանների բնակարանների շուկայական միջին գինը քառակուսի մետրի համար ունեցել է այս տեսքը.
Կենտրոն-աճել է 17,1 տոկոսով, կազմել 746 000 դրամ
Արաբկիր-աճել է 14,7 տոկոսով, կազմել 530 500 դրամ
Քանաքեռ-Զեյթուն-աճել է 17,6 տոկոսով, կազմել 387 400 դրամ
Նոր-Նորք-աճել է 8,5 տոկոսով, կազմել 331 000 դրամ
Էրեբունի-աճել է 17,3 տոկոսով, կազմել 343 800 դրամ
Շենգավիթ-աճել է 10,1 տոկոսով, կազմել 341 400 դրամ
Դավթաշեն-աճել է 19,6 տոկոսով, կազմել 391 000 դրամ
Աջափնյակ-աճել է 14,2 տոկոսով, կազմել է 362 600 դրամ
Մալաթիա-Սեբաստիա-աճել է 15 տոկոսով, կազմել է 339 000 դրամ
Ավան-աճել է 13,4 տոկոսով, կազմել է 337 700 դրամ
Նուբարաշեն-աճել է 13,4 տոկոսով, կազմել է 205 400 դրամ
Երևանից դուրս մարզկենտրոններում ու խոշոր քաղաքներում բնակարանների քառակուսի մետրի միջին շուկայական արժեքը ևս աճել է, այսպես՝
Գավառում 32,5 տոկոսով
Էջմիածնում 31,1 տոկոսով
Ծաղկաձորում 30,7 տոկոսով
Վանաձորում 28,7 տոկոսով
Դիլիջանում 28,4 տոկոսով
Գյումրիում 27,7 տոկոսով
Արարատում 23,7 տոկոսով
Հանրապետությունում հողերի առքուվաճառքի գործարքները նվազել են։ Նվազումը կազմել է ավելի քան 15 տոկոս։ Կադաստրի կոմիտեի տվյալների համաձայն՝ հողերի առքուվաճառքը գրեթե բոլոր մարզերում նվազել է, բացառությամբ Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերի։ Հիմնականում հողերը եղել են գյուղատնտեսական նշանակության, գյուղնշանակության հողերի առքուվաճառքի մակերեսը կազմել է 3 421 հեկտար, բնակելի կառուցապատման հողերի առքուվաճառքը կազմել է 176 հեկտար, արդյունաբերական, արտադրական նպատակներով՝ ավելի քան 34 հեկտար։
Վարձակալության գործարքներ
Վարձակալության գործարքներ ամենաշատը կատարվել են Երևանում։ Անցած տարվա երրորդ եռամսյակի համեմատ այս տարվա երրորդ եռամսյակում կատարվել է վարձակալության 1 328 գործարք, որը 3 տոկոսով ավել է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Ուշագրավ է, որ երկրորդ եռամսյակի համեմատ գործարքների թիվը նվազել է մոտ 20 տոկոսով։ Ոլորտի փորձագետները, կադաստրի կոմիտեի ներկայացուցիչները նախկինում սա բացատրում էին այն հանգամանքով, որ շատերը վարձակալության գործարքները սահմանված կարգով չեն գրանցում, ուստի վարձակալության շուկայի ակնհայտ ակտիվության պայմաններում Կադաստրի կոմիտեի թվերը կարող են էականորեն իրական պատկերը ցույց չտալ։
Հանրապետությունում ընդհանուր առմամբ, վարձակալության գործարքները պակասել են 11,5 տոկոսով։ Վարձակալական գործարքների մեծամասնությունը վերաբերել է հասարակական նշանակության շինություններին, բնակարաններին ու հողերին։
Երևանում վարձակալության գործարքները հիմնականում եղել են Կենտրոնում, Ավանում ու Շենգավիթում։
Հիփոթեքային գրավադրմամբ գործարքների մոտ 60 տոկոսը գրանցվել է Երևանում։ Հիփոթեքային գրավադրման գործիքը կիրառվում է առքուվաճառքի դեպքում, երբ գնվող գույքը վերցվում է գրավ՝ որպես ապահովության միջոց։ Հիփոթեքային գրավադրման գործարքների ավելի քան 71 տոկոսը վերաբերել է բնակարաններին։
Մկրտիչ Կարապետյան