Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում զերծ մնալ իրավիճակը ապակայունացնող քայլերից

Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ քայլերից, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը։ Այս մասին լրագրողներին հայտնել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կոչ ենք անում երկու երկրներին զերծ մնալ գործողություններից և քայլերից, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի»,- ասել է Պեսկովը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին օրերին տեղի ունեցած փոխհրաձգության վերաբերյալ հարցին:

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունից էլ հայտարարել էին, թե հայկական կողմն է կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Մեկնաբանել