Վրաստանում Սահմանադրական դատարանը չեղարկել է պոռնոգրաֆիայի արգելքը

Շոթա Կինչա, OC Media

Վրաստանի Սահմանադրական դատարանը փաստացի օրինականացրել է պոռնոգրաֆիայի արտադրությունն ու տարածումը՝ վճիռ կայացնելով հօգուտ հայցի, որ «պոռնոգրաֆիայի» ներկայիս սահմանումը մշուշոտ է և բաց մեկնաբանման համար:

Պոռնոգրաֆիայի բացահայտ օրինականացման համար պայքարը կարող է մնալ դժվարին, քանի որ օրենսդիրները կարող են արագ վերասահմանել եզրույթը:

Մինչև նոյեմբերի 4-ի որոշումը՝ «պոռնոգրաֆիկ ստեղծագործությունների, տպագիր հրապարակումների, պատկերների կամ նմանատիպ իրերի պատրաստումը, տարածումը կամ գովազդումը» պատժվում էր մինչև երկու տարվա ազատազրկմամբ։

Գործով ներկա չորս դատավորները միաձայն վճռել են, որ օրենքը մեկնաբանության համար թողնում է «անհիմն լայն շրջանակ», ինչը կարող է հիմք ստեղծել «կամայականության և անարդարության» համար։

Նրանք ասել են, որ օրենքը խախտում է «քրեական իրավունքի հիմնարար սկզբունքը՝ առանց օրենքի պատիժ չկա»:

Դատավորները որոշել են, որ օրենքը հստակ չի տարբերակում պոռնոգրաֆիան էրոտիկ նյութերից, կամ արդյոք «պոռնոգրաֆիան» անպայմանորեն ենթադրում է մարմնական ներթափանցո՞ւմ, մերկություն կամ սեռական գործողության պատկերո՞ւմ՝ առանց սեռական օրգանների ցուցադրման:

Դատավորները «չափազանց վերացական» են համարել «անպարկեշտություն» եզրը, որն պոռնոգրաֆիան սահմանելու համար կիրառված է «Հեռարձակման մասին» Վրաստանի օրենքում:

Դատավորները կարգադրել են օրենսդիրներին պոռնոգրաֆիայի ավելի հստակ սահմանում տալ մինչև 2023-ի մայիսը:

«Բոլոր չորս դատավորները համակարծիք էին, որ չի կարելի հիմնվել իրավաբանական խորհրդատվության վրա՝ հստակ հասկանալու, թե ինչպես խուսափել քրեական մեղադրանքներից կամ նույնիսկ երկու տարվա ազատազրկումից»,- OC Media-ին ասել է Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի սահմանադրական դատավարության իրավաբան Գիորգի Գոցիրիձեն:

Արգելքը վիճարկել էր Գիորգի Լոգուան, որը ներկայացնում էր Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան երկու այլ մասնավոր փաստաբանների հետ:

Ըստ Գոցիրիձեի, դատախազությունը Լոգուային ու ևս 11 հոգու 2017-ին մեղադրանք էր առաջադրել՝ իրենց կայքում Վրաստանից դուրս արտադրված պոռնոգրաֆիա հրապարակելու համար։

Թեև առաջին ատյանի դատարանն արդարացրել էր Լոգուային, նա իր գործը ներկայացրել է Սահմանադրական դատարան այն բանից հետո, երբ դատախազները բողոքարկել էին այդ վճիռը:

Լոգուան պնդում է, որ օրենքը հակասում է Սահմանադրությանը, որն ասում է, որ «ոչ ոք պատասխանատվություն չի կրում այն ​​արարքի համար, որը հանցագործություն չի համարվում»:

«Ոչ ոք չի կարող պատժվել պոռնոգրաֆիայի համար, քանի դեռ դրա սահմանումը չկա»,- ասել է Գիորգի Գոցիրիձեն Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայից։

Ազատ խոսքի ջատագովների հաղթանակի պակաս

Չնայած պոռնոգրաֆիայի արգելքը չեղարկելուն՝ Սահմանադրական դատարանն այն ուղղակիորեն չի վերագրել ազատ խոսքի տիրույթին:

Դատարանը հավասարապես բաժանվել է այս հարցի շուրջ․ չորս դատավորներից երկուսը պնդում էին, որ նման վճիռ կայացնելն ավելորդ է՝ հաշվի առնելով Վրաստանի իրավական համակարգում պոռնոգրաֆիայի հստակ սահմանման բացակայությունը:

Համատեղ այլ կարծիքի համաձայն՝ երկու այլ դատավորներ՝ Գիորգի Թևդորաշվիլին և Գիորգի Կվերենչխիլաձեն, պնդում էին, որ մեծահասակների համար պոռնոգրաֆիա արտադրելը և տարածելը իսկապես խոսքի ազատության տակ է:

Նրանք «անտրամաբանական» են անվանել որևէ ընդհանուր սահմանափակում և նախազգուշացրել ազատ խոսքի նկատմամբ հնարավոր բացասական ազդեցության մասին, եթե կարգավորող մարմինները վերազանցեն իրենց լիազորությունները:

Հակադիր տեսակետներ ունեցող երկու դատավորները պնդում էին, որ նման արգելքը մարդկանց կմղի ինքնագրաքննության՝ հետապնդման վախից դրդված:

Նրանք ընդգծում էին, որ իրենք «կիսում են հայցվորի դիրքորոշումը, որ խնդրո առարկա նորմը անհիմն սահմանափակում է պոռնոգրաֆիկ նյութերի տարածման իրավունքը, երբ ստացողը չափահաս է [որն ակտիվորեն ձգտում է օգտվել դրանից]»։

Ընդգծելով անչափահասներին պաշտպանելու անհրաժեշտությունը՝ տարակարծիք դատավորները նաև նշեցին, որ ինտերնետի աննախադեպ դերը պոռնոգրաֆիայի հասանելիության հարցում, այդ թվում՝ օտարերկրյա գրանցված դոմեններում, հայցվորի կողմից վիճարկվող արգելքի արդյունավետությունը չնչին է դարձնում:

Իր որոշման մեջ դատարանը հանձնարարել է օրենսդիրներին նոր կանոնակարգերի մշակել՝ առցանց պոռնոգրաֆիայի ենթարկվելուց պաշտպանելու անչափահասներին կամ չափահասներին, որոնք դա չեն փնտրում:

OC Media-ն մեկնաբանությունների համար դիմել է խորհրդարանի իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովներին: