Միրզոյանն ու Բայրամովը վերահաստատել են Պրահայի և Սոչիի հանձնառությունները

Նոյեմբերի 7֊ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում են ունեցել ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։ Նախարարները հյուրընկալվել են Բլեր Հաուսում, որտեղ տեղի է ունեցել նաև համատեղ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Ըստ Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության՝ արտգործնախարարները մտքեր են փոխանակել հավանական խաղաղության պայմանագրի տարրերի վերաբերյալ և արձանագրել, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք դեռևս հասցեագրման կարիք ունեն։ Երկու կողմերը վերահաստատել են հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպումներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստանձնած հանձնառությունները:

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են թափ հաղորդել իրենց բանակցություններին ու ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա շաբաթների ընթացքում:

Երկու նախարարներն իրենց երախտագիտությունն են հայտնել ամերիկյան կողմին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները հյուրընկալելու համար։

Բանակցությունների մեկնարկին պետքարտուղար Բլինքենը, ողջունելով նախարարներին, նշել է, որ ուղիղ երկխոսությունը դեպի կայուն խաղաղություն տանող ամենալավ ճանապարհն է։

Ըստ պետքարտուղարի՝ ԱՄՆ սատարում է Հայաստանի ու Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 30 տարվա հակամարտությունը հանգեցրել է հսկայական մարդկային ու նյութական կորուստների։

«Բայց այժմ մենք տեսնում ենք երկու երկրների իրական քայլերը, խիզախ քայլերը՝ թողնելու անցյալը հետևում և աշխատելու կայուն խաղաղության ուղղությամբ»,- հայտարարել է Էնթոնի Բլինքենը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը հանձնառու է անելու ամեն ինչ, որ աջակցի Հայաստանին ու Ադրբեջանին այդ ջանքերում։

Մեկնաբանել