Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կստեղծվի աշխատանքային խումբ, որը մինչև նոյեմբերի 30-ը պետք է մշակի բուհական համակարգի արդիականացման վերաբերյալ վերլուծական տեղեկանք։
Աշխատանքային խումբը ներկայացնելու է նոր ձևավորվող բուհերի ցանկի, դրանց ուղղությունների և բովանդակության վերաբերյալ առաջարկություններ։ Տեղեկանքում ներառվելու է նոր ձևավորվող բուհերում ուսանողների կանխատեսվող քանակի վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ վերջին 10 տարիներին տարեկան կտրվածքով բուհերից յուրաքանչյուրի դիմորդների և շրջանավարտների վերաբերյալ վիճակագրական տվյալներ։
«Ներառվելու են ակադեմիական քաղաքում նոր ձևավորվող բուհերի տեղակայման, համապատասխան բուհին միավորվող գիտահետազոտական ինստիտուտների և գործառույթների վերաբերյալ տեղեկատվություններ, ինչպես նաև բուհական (ֆիզիկական, բովանդակային և իրավական ենթակառուցվածքը սահմանող) ստանդարտների մասին առաջարկություն»,- ասված է որոշման մեջ։
Նախատեսվում է նաև «սպայական ակադեմիայի» ստեղծման նպատակով մշակել սպայական ուսումնական հաստատության բովանդակության վերաբերյալ հայեցակարգ։
Աշխատանքային խմբի ղեկավարը լինելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Խմբի կազմում ընդգրկվելու են նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ու տեղակալը, ԿԳՄՍ նախարարի տեղակալը, Գիտության կոմիտեի նախագահ, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը։
***
Կառավարության սեպտեմբերի 1-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գործադիրը մտադիր է Աշտարակում ակադեմիական քաղաք կառուցել։ Փաշինյանը նշել էր, որ նպատակ կա ունենալու միայն ութ պետական կոնսոլիդացված բուհ։