Սպիվակովի համերգի տոմսերից ստացված հասույթը կփոխանցվի «Զինվորի տուն» կենտրոնին

Նոյեմբերի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ տեղի են ունենալու Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը: Տոմսերից ստացված ամբողջ հասույթը կփոխանցվի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին:

«Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ նոյեմբերի 27-ին կմեկնարկի Զինվորի տան նոր՝ Armenia 301 նախագիծը, որի խորհուրդը միասնականությունն է և համայն հայության համախմբումը մեկ գաղափարի շուրջ՝ Զինվորի տան շուրջ, որպեսզի կարողանանք շարունակել օգնել, աջակցել, բարեկեցիկ կյանք ու ապագա ապահովել հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած անձանց։ Armenia 301 նախագծի հիմքը Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավն է՝ ստեղծագործություն, որ 100 տարի առաջ դարձավ հույսի, հավատի, արևշատության ու միասնականության խորհրդանիշ և ուղերձ՝ դժվարությունների մեջ հայտնված մեր ժողովրդի համար: Զինվորի տունն առաջարկում է համայն հայությանն ու հայ ժողովրդի բարեկամներին համախմբվել, միասնաբար ստեղծել կտավի կրկնօրինակը՝ այդպիսով մասնակից դառնալով հայրենիքի պաշտպանների բարեկեցիկ ապագայի ստեղծման գործին»,- ասված է Զինվորի տան ֆեյսբուքի էջում տեղադրված հայտարարությունում։

Համերգի ընթացքում Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն հայ, ռուս և արևմտաեվրոպական հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Որպես մենակատար նվագախմբի հետ հանդես կգա հայազգի հանրահայտ մեներգչուհի, Բոլշոյ թատրոնի մենակատար Աննա Ագլատովան:

Մեկնաբանել