Վրաստանում անտառը աճուրդի է հանվել Իվանիշվիլիի հետ կապված ընկերությանը

Վրաստանում անտառը աճուրդի է հանվել

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Վրաստանի անտառների ազգային գործակալությունը վարձակալությամբ է տրամադրել 125 000 քմ անտառածածկ հողատարածք մի ընկերության, որը, լայնորեն ենթադրվում է, պատկանում է Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին։

Նոյեմբերի 5-ին անտառների ազգային գործակալությունը հայտարարեց, որ «Ագրո Քարթուն» 49 տարվա վարձակալության իրավունք է ստացել Իմերեթիում՝ Բիձինա Իվանիշվիլիի հայրենի քաղաքի Չորվիլա գյուղի մոտակայքում գտնվող երեք հողատարածքների համար:

Տարեկան 12 000 դոլար՝ 0,09 դոլար մեկ քառակուսի մետրի դիմաց տարեկան վարձավճարով հաղթող հայտ ներկայացրած ընկերությունը կպարտավորվի ստեղծել կենդանիների ապաստարաններ և տեղական թռչունների բուծման վայրեր: Աճուրդի արձանագրությունների համաձայն՝ «Ագրո Քարթուն» հայտ ներկայացրած միակ ընկերությունն է։

Երկուշաբթի «Պիրվելի» հեռուստաալիքը պնդել էր, որ «Ագրո Քարթուն» ամբողջությամբ պատկանում է Իվանիշվիլիի կնոջը՝ Եկատերինա Խվեդելիձեին, և որ ընկերությունն արդեն ունի վայրի թռչունների բուծման ֆերմա՝ իր վերջերս ձեռք բերված հողակտորներին կից:

Այնուամենայնիվ, ըստ Վրաստանում օֆշորային ընկերությունների վերաբերյալ 2021-ի Թրանսփարենսի Ինթերնեշնլի զեկույցի, «Ագրո Քարթուն» պատկանում է Krista Investments Limited-ին, որը Իվանիշվիլիի՝ 1998-2016 թթ․ Բրիտանական Վիրջինյան կղզիներում բացած 12 ընկերություններից մեկն է՝ համաձայն Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի «Պանդորայի փաստաթղթերի»:

Վրացական անտառներում ազգային գործակալությունների կողմից հողերի վարձակալությունը և որսի լիցենզիաները նախկինում ևս վիճահարույց են եղել. 2022-ի հունվարին «Պիրվելի» հեռուստաալիքը հայտնել էր Բակուրիանիի շահութաբեր հանգստավայրում 5958 քմ անտառածածկ հողատարածքների փոխանցման մասին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կնոջը՝ Նունու Թամազաշվիլիին:

Ապրիլին Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը Ռաչայի անտառներում 1000 քառակուսի կիլոմետրից ավելի հողատարածք աճուրդի է հանել մի ՍՊԸ-ի, որն ըստ գործակալության՝ աճուրդի միակ մասնակիցն էր։

Ռաչայի աճուրդն արժանացել է տեղի բնակիչների քննադատությանը, որոնք գործարքի մասին իմացել են միայն դրա ավարտից հետո: