Բժշկական համալսարանի նախկին ռեկտորի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ համալսարանին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության համար, հայտնում է Գլխավոր Դատախազությունը։

«Մ.Ն.-ն, հանդիսանալով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի նախկին ռեկտորը, ինչպես անձամբ, այնպես էլ նույն հիմնադրամի կողմից ստեղծված «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ.Ս.-ի օժանդակությամբ ծառայողական դիրքն օգտագործելով` կատարել է իրեն վստահված, իր տնօրինմանը հանձնված Հիմնադրամին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն՝ 39,6 մլն դրամի չափով»,- ասված է հաղորդագրությունում։

Դատախազությունից նշում են, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ` կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ: