Աղմուկ ու լռություն զոհվածների ընտանիքներում 

Ինչ-որ մեկը փորձում է բոլորից բարձր աղաղակել։ Աղմուկը խանգարում է մտածել, խանգարում է վերլուծել ու խանգարում է ապրել։

Վանաձորի երկսենյականոց փոքր բնակարանում ապրում է Աստղիկը, նրա եղբայրը, մայրն ու հորաքույրը: Այստեղ ապրում էր նաև Աստղիկի հայրը՝ Արշակը։

  • Ես պապայի շորերը պահել էի, բայց նա թաքուն հագել ու գնացել է։
  • Աստղիկ, իսկ պապայիդ հետ ի՞նչ էիր սիրում անել,- անցյալ ժամանակաձևով հարցնում եմ։
  • Պապաս սիրում է ինձ հետ պարել,- ներկայով պատասխանում է Աստղիկը։

Աստղիկի հայրը զոհվել է սեպտեմբերի 13-ին՝ Ջերմուկի դիրքերից մեկում։

Սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի ամբիոնից աղմուկն ավելի բարձր էր հնչում, խլացնում էր մարդկային զգացմունքներն ու բանականությունը։

  • Մենք մեր ընտանիքի անդամներին էլ պիտի ասենք, որ գիտեք ի՞նչ՝ հանուն հայրենիքի, եթե մեզ հետ բան պատահի, սուգը՝ սուգ, բայց դուք հպարտացեք մեզանով,- ասում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հետո նորից լռություն։ Վանաձորի Բազում թաղամասի տներից մեկում սուգը շարունակվում է, Արշակի դին առ այսօր չեն փոխանցել հարազատներին, բայց բանակի բազմամյա սպայի կյանքի վերջին վայրկյանները տեսել է նրա ծառայակիցներից մեկը, որը փրկվել է ու օրերս պատմել Արշակի հարազատներին։

  • Հարձակումից առաջ մերոնք նկատել են կուտակումներ, զեկուցել են զորամաս, ասել են՝ հավելյալ ուժեր ուղարկեք, հրետանուն թիվ մեկ տվեք, պատասխանել են՝ ոչինչ, ադրբեջանցիները զորավարժություն են անում, մի՛ անհանգստացեք,- պատմում է Արշակի կինը։

Հետո նորից աղմուկ.

  • Այս դահլիճում ներկա շատ-շատերը 2016-ի Քառօրյայի համատեքստում կամավորվագրվել ենք և գնացել ենք առաջնագիծ, ընդ որում՝ այդ ժամանակ մենք երբեք վերադարձից հետո չենք ասել՝ վայ գիտեք մեր ավտոմատի բանը սենց էր, մեր կոշիկը սենց էր։ Չէ, կոշիկի մասին ասել եմ ես՝ որպես պատգամավոր։

Նորից լռություն, որը կոտրում է լացակումած ձայն.

  • Մեկը չեկավ ինձ ասի՝ ցավակցում ենք։ Նրանք էլ էին մարդ, որդիս քսան տարուց ավելի ծառայում է բանակում, մեկը չասաց՝ նա ոնց է զոհվել։ Դուք առաջինն էիք, որ մտաք մեր տուն ու ասացիք՝ ցավակցում ենք,- լացակումած ասում է սեպտեմբերի 13-ին Ջերմուկում զոհված սպայի՝ Արայիկի մայրը։

Արայիկն էլ է մասնակցել 2016-ի Քառօրյային, և վերադառնալուց հետո այն ժամանակ պատգամավոր Փաշինյանին նման չի ասել՝ «վայ, գիտե՞ք, մեր ավտոմատի բանը սենց…»։ Նա մասնակցել է նաև 44-օրյա պատերազմին։ Հետո՝ 2021-ի նոյեմբերյան մարտերին, գերեվարվել։ Գերությունից վերադարձել է ու կրկին անցել ծառայության բանակում։ Զոհվել է սեպտեմբերի 13-ին Ջերմուկում։

Ու նորից աղմուկ․

  • Մենք պետք է ընկալումը փոխենք այն առումով, որ խոսելով պոտենցիալ զինվորների մասին՝ չխոսենք ուրիշի մասին, այլ խոսենք մեր մասին, որովհետև ո՞վ ա այդ պոտենցիալ զինվորը, եթե մենք չենք։

Արայիկ Առաքելյանի դուստրը՝ 19-ամյա Լուսինեն, շտկում էր տատին, երբ նա փորձում էր ճշգրիտ ասել, թե ինչ պայմաններում է որդին զոհվել։

  • Զոհվել է մարտական հենակետում, հրազենի վիրավորումից,- մահվան վկայականի տողերն էր մեջբերում Լուսինեն։

Երեխաները չպետք է տեսնեն իրենց ծնողների մահը, առավել ևս՝ չպետք է անգիր իմանան այդ տողերը… Աղմուկը կրկին շարունակվում է․

  • Ոչ թե ատելությամբ լցվեք նրանց նկատմամբ, ովքեր ապրում են, այլ, ընդհակառակը, դա դիտարկեք որպես մեր զոհողության նպատակ։

Լռություն, ապա ձայն հեռվից․

  • Ծնողները օրերով սպասել են զորամասի մոտ՝ հասկանալու, թե ինչ վիճակում են իրենց որդիները, ոչ մեկ չի մոտեցել նրանց։ Այսպե՞ս են հարգում հերոսներին։

Արշակն ու Արայիկը Վանաձորից էին, ընկերներ։ Մեզ Արշակենց տուն ուղեկցեց Արայիկի հայրը, երբ ավարտեցինք նկարահանումներն ու հեռանում էինք, նա ասաց.

  • Մերոնք էլ, իրենք էլ դեռ չեն պատկերացնում իրականությունը։ Մեր տղերքը ամիսներով դիրքերում էին, հետո մի ամսով կամ մի քանի օրով գալիս էին տուն ու նորից գնում։ Մտածում ես, որ դեռ ծառայության մեջ են, մի օր էլի կգան… կմտնեն տուն։

Մեկնաբանել