ՀՀ քաղաքացիություն ստանալը, առաջին անձնագրավորումը կլինի էլեկտրոնային հերթագրմամբ

Ոստիկանությունը հայտնում է, որ նոյեմբերի 14-ից ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու դիմումների ներկայացումը, ՀՀ քաղաքացիություն ստացած անձի առաջին անգամ անձնագրավորումը իրականացվելու է էլեկտրոնային հերթագրման եղանակով։

Նոյեմբերի 14-ից 18-ը էլեկտրոնային հերթագրմանը զուգահեռ գործելու է նաև հերթագրման սարքավորումների միջոցով սպասարկելու ընթացակարգը (50 տոկոս հարաբերակցությամբ), իսկ նոյեմբերի 21-ից սպասարկումն իրականացվելու է բացառապես էլեկտրոնային հերթագրման եղանակով։

«Հերթագրվել կարելի է առցանց՝ e-request.am հարթակով անձնագրային և վիզաների վարչություն այց ամրագրելու եղանակով, ինչի համար անհրաժեշտ է գրանցվել հարթակում՝ լրացնելով համապատասխան դաշտերը, մուտք գործել համակարգ, սեղմել «Ամրագրել այց» կոճակը, «Հերթագրում» դաշտում ընտրել «Անձնագրային և վիզաների վարչություն» պատուհանը, նշել գործողության տեսակը՝ «Քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիությունը դադարեցնելու դիմումի ներկայացում» կամ «ՀՀ քաղաքացիություն ստացած անձի առաջին անգամ անձնագրավորում» և ամրագրել նախընտրելի օր ու ժամ՝ համապատասխան գործողությունը կատարելու նպատակով անձնագրային և վիզաների վարչության քաղաքացիության բաժին ներկայանալու համար»,- ասված է հայտարարությունում։

Ոստիկանությունից նշում են, որ յուրաքանչյուր դիմումատու հերթագրման համար պետք է լրացնի բացառապես իր անհատական տվյալները, այլ անձանց տվյալներով հերթագրված դիմումատուները չեն սպասարկվելու։

Ամռան ամիսներին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ու տարածքային անձնագրային ստորաբաժանումներում հերթեր էին գոյանում։ Աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար ոստիկանության պետի հրամանով օգոստոսին անձնագրային բաժինները աշխատում էին նաև շաբաթ օրերին։ Ոստիկանությունը պարզաբանում էր ներկայացրել անձնագրային բաժիններում հերթերի վերաբերյալ՝ նշելով, որ խնդիրը պայմանավորված է մի շարք գործոնների միաժամանակյա առկայությամբ։

Մեկնաբանել