Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 8-ին Շուշիում ելույթի ժամանակ կրկին սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։
Նրա խոսքով՝ Փառուխի, 2022-ի օգոստոսի սկզբի և սեպտեմբերի 13-14-ի իրադարձությունները «պետք է դաս լինեն Հայաստանի համար»։
«Սեպտեմբերի 13-14-ի գործողություններից հետո հայ-ադրբեջանական սահմանի հիմնական ռազմավարական բարձունքները Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Հայաստանը պետք է քաջ գիտակցի, թե դա ինչ է նշանակում։ Այսօրվա դրությամբ բոլոր այդ ռազմավարական բարձունքներից տեսնում ենք Սիսիանը, Կապանը, Գորիսը, Ջերմուկը, անգամ Սևանա լիճն է մեր տեսադաշտում։ Այս ամբողջը իրականություն է և այդ իրականությունը մենք ենք ստեղծել»,- ասել է նա։
Ալիևը երեք հիմնական պատճառ է նշում, թե ինչու է Ադրբեջանը ռազմական գործողությունների դիմել։ Առաջինը, ըստ նրա՝ իբր «պատասխանել են Հայաստանի ռազմական սադրանքներին», երկրորդը՝ կանխել են հետագայում նմանատիպ գործողությունները, ինչպես նաև դրանք նպատակ են ունեցել ստիպելու Հայաստանին կատարել ստանձնած պարտավորությունները։
«Մենք այնպիսի ջախջախիչ հարված հասցրեցինք, որ դեռ չեն կարողանում ուշքի գալ։ Նայեք Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին։ Եվ ղարաբաղյան երկրորդ պատերազմի դասը չպետք է մոռանան Հայաստանում։ Նրանք պետք է հասկանան, որ կրակի հետ խաղալը թանկ կարժենա։ Եթե ինչ-որ մեկը այնտեղ (Հայաստանում – խմբ)՝ լինի դա իշխանությունը, թե ընդդիմությունը, թե արտերկրից ուղարկված պատրաստված տարրերը մտածում են մեզ վնասելու մասին, նրանք նորից կտեսնեն մեր բռունցքը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևը նաև հայտարարել է, որ ռուս խաղաղապահները ժամանակավորապես են գտնվում Ղարաբաղում․ «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշված է նրանց գտնվելու ժամկետը։ Եվ եթե նրանք (հայերը – խմբ․) ինչ-որ մեկի վրա հույս են դնում, նորից կբախվեն ողբերգության»։