Թուրքիայի շինարարության ոլորտում օտարերկրյա ներդրումներն ավելացել են 8 անգամ

Այս տարվա 1-ին կիսամյակում Թուրքիայի շինարարության ոլորտում օտարերկրյա ներդրումները անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 8 անգամ՝ կազմելով $1,2 մլրդ: Այս մասին ասված է Թուրքիայի էկոնոմիկայի նախարարության այսօր հրապարակած զեկույցում, հաղորդում է թուրքական Milliyet-ը: Ըստ զեկույցի՝ ներդրված յուրաքանչյուր 100 դոլարից 21,5 դոլարը բաժին է ընկնում շինարարության ոլորտին:

Հաշվետու ժամանակահատվածում անշարժ գույքի ոլորտում ներդրումներն աճել են 4 անգամ՝ կազմելով $184 մլն՝ անցած տարվա 1-ին կիսամյակում արձանագրված $49 մլն-ի համեմատ:

Շինարարության ոլորտում ամենից շատ ներդրումներ կատարվել են Ստամբուլի, Անթալիայի և Մուղլայի նահանգներում:

Հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա կապիտալով 53 շինարարական նոր ընկերություն է ստեղծվել: Այսպիսով՝ Թուրքիայի շինարարական ոլորտում գործող օտարերկրյա կապիտալով ընկերությունների թիվը կազմել է 2800: