Հենրիխ Մխիթարյանի առջև Հայաստանի հավաքականի դռները միշտ բաց են․ Ֆեդերացիայի նախագահ

Հենրիխ Մխիթարյանի առջև Հայաստանի հավաքականի դռները միշտ բաց են, և ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ է ամեն ինչի՝ Մխիթարյանի վերադառնալու համար: Այս մասին «Վիվառո Մեդիա»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը՝ պատասխանելով «Ինտերի» 33-ամյա կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ ազգային թիմ հնարավոր վերադարձի մասին հարցին:

«Չեմ կարծում, թե խնդիրը (հավաքականից հեռանալու – խմբ․) կապված է ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Բազմիցս հայտարարել ենք, հիմա էլ եմ հայտարարում, որ Հենրիխ Մխիթարյանի առջև Հայաստանի հավաքականի դռները միշտ բաց են: Նա այնպիսի պրոֆեսիոնալ է, որ վստահ եմ՝ իր որոշումն է: Մխիթարյանը հասկացել է, որ այդ պահին պետք է կանգ առնել: Իհարկե, ցանկալի է, որ նա վերադառնա: Բազմիցս ասել եմ, որ ՀՖՖ նախագահը չպետք է մասնակցի կազմի ընտրությանը, այդ պատճառով էլ չեմ ուզում շատ խոսել մինչև մարզչի նշանակումը, սակայն վստահ եմ, որ միասին կքննարկենք այս թեման: Հենց այս պատճառով էլ չենք կազմակերպում հրաժեշտի խաղ Մխիթարյանի համար՝ հույս ունենալով, որ մի օր նա կփոխի որոշումը: Եթե դա տեղի չունենա, նույնքան հարգանքով կվերաբերվեմ այդ որոշմանը»,- նշել է Մելիքբեկյանը։

ՀՖՖ նախագահը հայտնել է նաև, որ Մխիթարյանի որոշման վերաբերյալ չի զրուցել ֆուտբոլիստի հետ։

Արմեն Մելիքբեկյանի խոսքով՝ ֆեդերացիան պատրաստ է ամեն ինչի՝ Հենրիխ Մխիթարյանի վերադառնալու համար:

Հենրիխ Մխիթարյանը ազգային հավաքականում ելույթները դադարեցնելու մասին հայտարարել էր 2022-ի մարտի 3-ին։

Մեկնաբանել