ՀՀ քաղաքացիների համար Լեհաստանի օդանավակայաններում տարանցիկ վիզայի պահանջը մտահոգիչ է․ Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 9-ին Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխինի հետ հանդիպմանը բարձրացրել է ՀՀ քաղաքացիների համար Լեհաստանի օդանավակայաններում տարանցիկ վիզայի պահանջի հարցը։ Այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը։

Սիմոնյանը որոշումը մտահոգիչ է համարել և նշել, որ դա հակասում է վիզաների ազատականացման գաղափարին՝ լրացուցիչ խոչընդոտներ ստեղծելով ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժման համար։ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ այդ որոշումը կվերանայվի:

2022-ի օգոստոսի 1-ից Լեհաստանի օդանավակայանների միջոցով տարանցիկ չվերթով Շենգեն գոտուց դուրս ճամփորդող ՀՀ քաղաքացիների համար Լեհաստանը սահմանել է օդային տարանցիկ մուտքի արտոնագիր ունենալու պարտավորություն։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ լեհական կողմը պահանջը սկսել է կիրառել, քանի որ մի շարք ՀՀ քաղաքացիներ, չունենալով շենգենյան մուտքի վիզա, տարանցիկ թռիչքով իբրև թե երրորդ երկրներ մեկնելիս, Վարշավայի օդանավակայանում ընդհատել են իրենց ճամփորդությունը և դիմել են Լեհաստանի իրավասու մարմիններին՝ ժամանակավոր պաշտպանություն ստանալու խնդրանքով։

Հանդիպմանը Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նաև սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիային և դրա հետեւանքներին: Այս համատեքստում առանձնացվել է Եվրամիության՝ 40 քաղաքացիական դիտորդներ Հայաստանի սահմաններ ուղարկելու վերաբերյալ որոշումը:

Մեկնաբանել