Պեմզաշենում հայտնաբերվել են կնոջ և նրա երկու անչափահաս երեխաների դիերը

Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում իրենց տանը հայտանբերվել են 31-ամյա կնոջ և նրա 8 և 12-ամյա երեխաների դիերը։

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին (սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը) և155 հոդվածի 2-րդ մասի 5-րդ (անչափահասի սպանությունը) կետերով։

Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ դիերի վրա եղել են կտրող-ծակող վերքեր:

«Նախնական տվյալներով՝ սպանությունները կատարվել են սուր կտրող-ծակող գործիքի գործածությամբ: Երեք դիերի դեպքում էլ այդպես է: Այս պահին դեպքի վայրում ակտիվ աշխատանքներ են իրականացվում օպերատիվ քննչական մարմինների կողմից»,- ասել է դատախազը:

Դատախազության տեղեկություններով՝ ընտանիքի հայրը գտնվում է արտագնա աշխատանքի մեջ․ «Կա տեղեկություն, որ հայրը երկրում չէ, բայց այս պահին ամեն ինչ ստուգվում է»,- նշել է դատախազը։

«Մայրն աշխատել է Արթիկի հիվանդանոցում: Ըստ նախնական տվյալների՝ գործընկերներն, անհանգստանալով, որ աշխատանքի չի եկել, փորձել են հարևաններից ճշտել: Հարևաններն էլ, երբ տեսել են, որ տան դուռը չեն բացում, ահազանգել են 911»,- մանրամասնել է Գուրգեն Գրիգորյանը: