Խաղաղության պայմանագրի հարցով սերտ համակարգում է իրականացվում․ Զախարովա

Ռուսաստանը կշարունակի անհրաժեշտ աջակցություն տրամադրել Ադրբեջանին և Հայաստանին՝ Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման հասնելու համար։ Այս մասին նոյեմբերի 9-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով ՝ «խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցով սերտ համակարգում է իրականացվում ադրբեջանցի և հայ գործընկերների հետ»:

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ այսօր լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին ընդունված հայտարարության 2 տարին, որով «վերջ դրվեց արյունահեղությանը և տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման գործընթաց սկսվեց»։

Զախարովան նաև շեշտել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ աշխատանքային խմբի շրջանակներում մեծ աշխատանք է կատարվել Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ:

«Համաձայն երկրների ղեկավարների՝ 2021-ի նոյեմբերի 26-ի որոշման, իր աշխատանքն է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և հետագա սահմանագծման երկկողմ հանձնաժողովը՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ: Տվյալ մեխանիզմի աշխատանքը կարևոր նշանակություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին իրադրության կայունացման համար»,- նշել է նա:

Մեկնաբանել