Վրաստանում ձերբակալվել է խարդախությամբ զբաղվող զանգերի կենտրոններ հիմնած խմբի կազմակերպիչը

Ճեպազրույց դատախազությունում, 9 նոյեմբերի 2022թ., լուսանկարը՝ դատախազության ֆեյսբուքյան էջից։

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Գերմանիայի իշխանությունների հետ համատեղ հետաքննության շրջանակում ձերբակալել է զանգերի միջազգային կենտրոնի սխեմայի հետևում կանգնած «հանցավոր խմբավորման կազմակերպիչներից մեկին»։

Չորեքշաբթի կայացած ճեպազրույցում Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Բակուր Աբուլաձեն հայտարարել է, որ միջազգային գործընկերների հետ համատեղ քննչական գործողությունները նախապատրաստվել են մի քանի ամիս։

«Առգրավվել են տեղեկատվության էլեկտրոնային հարյուրավոր կրիչներ, փաստաթղթեր և խոշոր գումար։ Միևնույն ժամանակ առգրավվել են ենթադրաբար հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվներ և բանկային հաշիվներին մուտքագրված միջոցներ»,- ասել է Աբուլաձեն։

Շուրջ 300 վրացի և 60 գերմանացի իրավապահներ են մասնակցել հետաքննությանը, որի արդյունքում պարզվել է, որ վրացիներն ու օտարերկրյա քաղաքացիները միասին անդրազգային կազմակերպված հանցավոր խումբ են ստեղծել։

Հետաքննությունը պարզել է, որ ենթադրյալ հանցագործները ընկերություններ են հիմնել տարբեր երկրներում, այդ թվում՝ Վրաստանում, ապա բացել զանգերի կենտրոններ, որոնց աշխատակիցները զբաղվել են մարդկանց խաբելով։

Դատախազությունը հայտարարել է, որ խարդախ սխեմաների միջոցով հանցավոր խումբը «միլիոնավոր եվրոներ» է ձեռք բերել Եվրամիության մի քանի երկրների քաղաքացիներից և հետագայում լվացել այդ փողերը։

Դատախազության հայտարարությունում նաև ասվում է, որ հանցավոր խմբի անդամները «ստեղծել են էլեկտրոնային առևտրային հարթակներ, որոնց միջոցով էլ հաճախորդներից խարդախությամբ ձեռք բերված միջոցները փոխանցվել են կեղծ ձեռնարկությունների բանկային հաշիվներին»։

Դատախազության հայտարարության առաջին տարբերակում նշվում էր, որ քննչական խումբը քննչական գործողություններ է իրականացրել միաժամանակ Վրաստանի, Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի տարածքներում, իսկ քննչական գործողություններին Վրաստանից մասնակցել է շուրջ 250 մարդ։

Սակայն ավելի ուշ կայքի հայտարարությունը փոփոխվել է՝ տեքստից հանվել են ներգրավված երկրների անունները և ավելացվել է ձևակերպում, որ հետաքննությունը տեղի է ունեցել չորս երկրում:

Գլխավոր դատախազությունից OC Media-ին ասել են, որ փոփոխությունները կատարվել են «անուշադրության հետևանքով թույլ տրված սխալի» պատճառով և հրաժարվել են տրամադրել լրացուցիչ տեղեկություններ, թե ինչու է տեղեկությունը հանվել և փոփոխվել:

Վրաստանում զանգերի կենտրոնի խարդախությունը

Գերմանիան և Վրաստանը այսպիսի մի հետաքննության շրջանակում նախկինում համագործակցել են 2021 թ․ հոկտեմբերին։

Այդ հետաքննությունից հետո իրավապահները բացահայտել էին, որ այդ ժամանակ հետաքննվող հանցավոր խումբը, որը կազմված էր Վրաստանի և Իսրայելի քաղաքացիներից, իր գործունեությունն սկսել էր 2015 թ․։ Հաղորդվում էր, որ ենթադրյալ հանցավոր խումբը վեց ընկերություն էր հիմնել Վրաստանում: Օտար լեզուների մասնագետներին աշխատանքի ընդունելով որպես «օպերատորներ»՝ նրանք թիրախավորել էին եվրոպական տարբեր երկրներում ապրող մարդկանց:

Կարդացե՛ք նաև «Վրաստանում զանգերի կենտրոնը արտասահմանցիներից խաբեությամբ միլիոններ է կորզել»

Անցյալ տարի Վրաստանի իշխանությունները հայտարարեցին, որ հանցավոր խումբն այդ սխեմաների միջոցով յուրացրել է 9,5 միլիոն եվրո, 720,000 դոլար և 220,000 ֆունտ ստերլինգ ապօրինի եկամուտ:

Օգտագործելով կեղծ հեռախոսահամարներ և կեղծ անուններ՝ զանգերի կենտրոնի աշխատակիցները մարդկանց առաջարկել էին «արժեթղթեր, բաժնետոմսեր, ապրանքային ակտիվներ, արժույթներ և կրիպտոարժույթներ»:

Չորեքշաբթի տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Վրաստանի գլխավոր դատախազությունը նաև հայտարարել է, որ անցյալ տարվա գործի առնչությամբ «քրեական հետապնդում […] է հարուցվել այսպես կոչված զանգերի կենտրոնների գործունեության մեջ ներգրավված 36 ֆիզիկական և երկու իրավաբանական անձի նկատմամբ»։