Պեմզաշենի սպանությունը․ մոր և որդու ձեռքերը եղել են կապված

Գլխավոր դատախազությունը մանրամասներ է հաղորդում Պեմզաշենում 31-ամյա կնոջ և նրա երկու անչափահաս երեխաների սպանության վերաբերյալ։

«Դեպքի վայրի զննությամբ` նշված տան ննջասենյակի մեկտեղանի մահճակալին հայտնաբերվել է արական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը և ոտքերը կապած վիճակում, նույն ննջասենյակի հատակին հայտնաբերվել է իգական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հետին մակերեսին և որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով, իգական սեռի դի՝ որովայնի և կրծքավանդակի հատվածներում ու կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը հետնամասում թելով կապված վիճակում»,- ասված է հաղորդագրությունում։

Դատախազությունից հայտնում են, որ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, հարցաքննվել են վկաներ, ինչպես նաև կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները, հանցանքը կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

«Գլխավոր դատախազությունը հանրությանը պարբերաբար կտեղեկացնի վարույթի ընթացքի վերաբերյալ և հորդորում է զանգվածային լրատվության միջոցներով չտարածել այնպիսի տեղեկություններ կամ դեպքի վերաբերյալ մեկնաբանություններ, որոնք հաստատված չեն նախաքննության ընթացքում կատարված գործողությունների արդյունքներով և կարող են խուճապի ու տագնապի պատճառ հանդիսանալ»,- նշված է հաղորդագրության մեջ։

***

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում իրենց տանը հայտանբերվել են 31-ամյա կնոջ և նրա 8 և 12-ամյա երեխաների դիերը։ Մասնավորապես, նոյեմբերի 9-ին, ժամը 12:28-ին, Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչների՝ դռան թակոցներին և հեռախոսազանգերին չարձագանքելու վերաբերյալ հաղորդում է ստացվել Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատում: Մեկնած օպերատիվ խումբը Պեմզաշեն գյուղի տներից մեկի ննջասենյակում հայտնաբերել է նույն հասցեի բնակիչներ՝ 1991 թվականին ծնված Զ.Մ.-ի և նրա երեխաների՝ 2010 թվականին ծնված Կ.Մ.-ի ու 2014 թվականին ծնված Ս.Մ.-ի դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով:

Քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին (սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը) և155 հոդվածի 2-րդ մասի 5-րդ (անչափահասի սպանությունը) կետերով։

Տեսանյութը՝ Քննչական կոմիտեի։

Մեկնաբանել