Հայկական սփյուռքը խոչընդոտում է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, նշում է Էրդողանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծիքով՝ հայկական սփյուռքը՝ թե՛ Ֆրանսիայում, թե՛ ԱՄՆ-ում, խոչընդոտում է հայ-թուրքական կարգավորման գործընթացին։

«Այդ համայնքների ոչ դրական աշխատանքների վրա ո՞վ կարող է ազդել՝ անկասկած Հայաստանի կառավարությունը: Եթե դա նրանց հաջողվի, ապա մենք մեր մոտեցումները դրական առումով կփոխենք: Մենք աշխատում ենք ընկերներ ձեռք բերել, այլ ոչ թե թշնամիներ»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Էրդողանը մասնավորեցրել է, որ Թուրքիան դրական կպատասխանի Հայաստանի՝ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված քայլերին։

«Հայաստանի հետ վերջին հանդիպումը Պրահայում ենք անցկացրել և շատ բաց ձևով նշել ենք, որ եթե դուք Ադրեբջանի հետ հարաբերությունները դրական հունով առաջ տանեք, ապա մենք էլ մեր հերթին (Հայաստանի հետ հարաբերություններում) դրականորեն կարձագանքենք: Մենք Ձեզնից դա ենք սպասում: Դա շատ պարզ ասել ենք թե՛ նեղ միջավայրում, թե պատվիրակությունների միջև հանդիպմանը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

***

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է այս տարվա սկզբին։ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին՝ Մոսկվայում։ Դրանից հետո բանագնացները ևս երեք հանդիպում են անցկացրել Վիեննայում։

Չնայած, որ առաջին երեք հանդիպումներից հետո կողմերը նշում էին՝ հանդիպումներն անցնում են կառուցողական մթնոլորտում, բայց որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվեցին միայն չորրորդ հանդիպմանը՝ հուլիսի 1-ին։ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը։

Մեկնաբանել