Ուղիղագույն եթեր․ ինչպե՞ս է պատկերացնում վարչապետը այդ հայտարարությունից հետո արցախցիների վիճակը

Այսօրվա՝ նոյեմբերի տասի առավոտը մի հարց առաջացրեց․ եթե այսօր՝ նոյեմբերի տասին, ժամը 15:00-ի կողմերը (մի երկու-երեք ժամ ուշքի գալու և հավաքվելու վրա), հարյուր հազար արցախցի հայեր, նստեին իրենց կամ առաջին պատահած մեքենաներն ու շարժվեին դեպի Հայաստան, պիտի ասեինք՝ արցախցիները չե՞ն պահում իրենց հողը, թողնում են երկիրը և ա՞յլն։

Այսօր, կառավարության նիստում Հայաստանի վարչապետը հայտարարում է «Ադրբեջանի նախագահը փորձում է մտացածին հիմքեր ստեղծել իբր իր պարտավորությունները չկատարելու պատրվակով Լաչինի միջանցքը փակելու, ԼՂ հայությանը շրջափակելու և նրան ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու համար»։

Հիմա, պատկերացնենք․ Արցախում չկա տարածք, որն ապահով լինի՝ քիչ թե շատ։ Արցախցիները արթնանում են դիմացի սարից իրենց հսկող թշնամու զենքի ու աչալուրջ հայացքի տակ։ Մայրաքաղաքը Շուշիի բարձունքից հսկում է թշնամին։ Ոչինչ։ Իրենք սովորեցին այդպես էլ ապրել, քանի դեռ ռուս խաղաղապահ զորքն այնտեղ է՝ ոչ մի երաշխիք չունենալով, որ այդ զորքը մեկ էլ հանկարծ կարող է չլինել։

Սովորել են, ապրում են։

Արցախցին այսօր արթնանում է, հապճեպ ավլում է բակը, կթում կովը, երեխաներին ուղարկում է դպրոց, մայրաքաղաքցիները գնում են աշխատանքի, օր է՝ վտանգներով լցված ու առօրեականությամբ հանդարտված սովորական օր։

Ու հանկարծ, Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ Ալիևը նախապատրաստում է ԼՂ հայության ցեղասպանություն։

Դե, հիմա, Արցախում բոլորը չեն Թավթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում ուսանել, ու գյուղացի մարդիկ են, բնությունից կողմորոշվող, բայց իրավագիտական, քաղաքագիտական հմտություններ չունեն, որ հասկանան՝ ինչի հետևանքով ով ինչ է ասում։

Արցախում քչերն են շատ ապահով, քչերն ունեն Ստավրոպոլի մարզում տներ, տներ ու էլի տներ, քչերը կողմնորոշվեցին տղաներին ԱՄՆ ուղարկել, քչերը կարողացան յոթ սերունդ ապահով ապրելու հարց լուծել, արտերկիր ելքի բազմամյա արտոնագիր ունենալ։ Շատ քչերը։ Արցախում դժվար ապրող, աշխատանքով ապրող, ֆինանսապես ոչ ապահով մարդիկ են՝ գյուղացիներ ու մայրաքաղաքաբնակներ։ Եթե առաջինները տարանցիկ չվերթով են գալու Հայաստան, ապա մյուսները այսպիսի հայտարարությունից հետո գալու են, որ մնան։

«Ցեղասպանություն» բառն էլ մի քիչ կյանքի հետ անհամատեղելի եզր է։ Այն նշանակում է, որ հիմա, քիչ հետո, մոտ ժամանակներս, առաջիկայում ձեզ կարող են սպանել, մորթել, դե, դա էլ թշնամու ունեցած որակի ու նախասիրության հարց է։
Ի՞ նչ կառաջարկեն վարչապետի հարակից միջավայրի քաղաքագետ տղաներն ու աղջիկները՝ արցախցին ի՞նչ անի․ սպասի, թողնի փախչի, չհավատա վարչապետին, հավատա վարչապետին։

Միջազգային հանրությանն ուղղված այս հայտարարությունը լսելու էին նաև ցեղասպանության հասցեատերերը։ Գուցե կարելի՞ էր միջազգային հանրությանն ուղղված հայտարարությունն անել այնպես և այնտեղ, որ, ասենք՝ Արցախի Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղի մեխանիզատորին, ուսուչին, տրակտորիստին ու բարձր դասարանի աշակերտուհուն չհասներ ուղիղ գծով, ուղիղ եթերով և, մանավանդ՝ կիրառավեր «ցեղասպանություն» բառի մեկ այլ՝ միջազգային ունկնդրի համար ընդունված ձև, ասենք՝ էթնիկ զտում։ Որովհետև դրանից հետո դժվարանում է «մնալ տեղում, շարունակել ապրել»-ը։

Շնորհակալ ենք, այնուամենայնիվ, որ չհիշատակվեցին «յաթաղան» և «մազապուրծ» բառերը։

Գուցե մտածվա՞ծ է օգտագործվում հենց այս բառը․ գուցե էլի սայթաքում է, և վաղը կհնչի մեկ այլ հայտարարություն այն մասին, որ ինքը բնավ դա նկատի չուներ, այլ, ասենք՝ հոգեբանական ցեղասպանություն։ Բայց վարչապետը նշեց նաև, որ Լաչինի միջանցքը կփակեն, կշրջափակեն արցախահայերին ու ցեղասպանություն կանեն։ Այսինքն՝ հոգեբանական չէ, այլ հենց այն, ինչ հասկացանք։

Իսկ հիմա, այս անժամկետ, մոտալուտ վտանգի անորոշ ժամանակացույցի մեջ եթե արցախցի գյուղացիները լցվեն իրենց տրակտորները, հին Մոսկվիչները, նոր մեքենաները, ավտոբուսները, Գազելները ու առաջ՝ դեպ հայրենիք, դեպ Հայաստան անեն, հաջորդ օրը իշխանության մեկ այլ հայտարարությամբ և Ֆեյսբուքի արևմտյան ապահովագրությամբ արծվաքիթ հայուհիների դժնդակ անեծքով պիտի անիծվե՞ն որպես հայրենադավներ, իրենց երկիրը լքողներ, չպայքարողներ։

Եթե այս վարչապետը հայտարարի, որ վաղը Մյունխենի, Պրահայի, Փարիզի ու Մարսելի, Բեռլինի փողոցներում սպասվում է հայերի ցեղասպանություն տեղի ադրբեջանցի կազմակերպված, զինված ուժերի միջոցով, մեղադրող արևմտյան ապահովագրությամբ հայերը հավանաբար անհանգստանան ու մտածեն մոտակա Վիետնամ տեղափոխվելու մասին։ Իսկ լեռների, սարերի ու մի արահետով Հայաստանի հետ կապվող, տառապանքից բացարձակ հյուծված, ու մարդասիրական միջազգային բարքերից դարերով հեռու թշնամու հեռադիտակի հսկողության տակ ապրող արցախցիները պիտի կամք, գիտելիք գտնեն, որ մնան իրենց տներում, վարչապետի հայտարարությունից հետո։

Ինչպե՞ս է պատկերացնում վարչապետը այս հայտարարությունից հետո արցախցիների վիճակը։

Վարչապետին, հավանաբար, չեն զանգում Արցախից, որ հարցնեն՝ էս ի՞նչ էր։ Ես ստանում եմ ութերորդ զանգը՝ «էս հինչ ասի՞ց» հարցով։ Ահաբեկված ձայնը մի անհավես հումորի տակ թաքցնելով։

Ի՞նչ պատասխանել, կհուշե՞ք։