Փաշինյանն Ալիևին մեղադրում է Սոչիի համաձայնությունը խախտելու համար

Ալիևն իր վերջին ելույթում կոպտորեն խախտել է Սոչիի եռակողմ համաձայնությունը, Թվիթերի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նախագահ Ալիևն իր վերջին ելույթում կոպտորեն խախտել է Սոչիի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից զերծ մնալու համաձայնությունը։ Տարօրինակ կերպով նա մեղադրում է Հայաստանին փոխհամաձայնեցված հայտարարությունները խախտելու համար»,- գրել է Փաշինյանը։

Հոկտեմբերի 31-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքներով ընդունվել էր եռակողմ հայտարարություն, որում ասվում էր․ «Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա»։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 8-ին Շուշիում ելույթի ժամանակ կրկին սպառնալիքներ էր հնչեցրել Հայաստանի հասցեին։

Մեկնաբանել