«Պատիվ ունեմը» վերադառնում է խորհրդարան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը վերադառնում է խորհրդարան, ընդդիմադիր պատգամավորները մասնակցելու են ԱԺ հաջորդ շաբաթվա նիստերին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Եկող շաբաթվա ԱԺ նիստերին մենք մասնակցելու ենք: Բայց դա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ պայքարը չի շարունակվելու: Փողոցում, այլ ձևաչափի պայքարի միջոցները կիրառվելու են Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ, նրա շարունակականությունը կասեցնելու դեմ, բայց այս պահին կլինենք նաև խորհրդարանում: Մենք խորհրդարանական լծակները մինչ այս ծառայեցրել ենք որպես բացառապես պայքարի գործիք և մենք այդ գործիքը պատրաստվում ենք ամբողջապես օգտագործել: Մեր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել»,- գրել է Թովմասյանը։

Ըստ պատգամավորի՝ Ազգային ժողովում լինելը և փողոցային պայքարը «միմյանց չբացառող գործընթացներ են»։

«Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մեր ձեռքի տակ եղած ամբողջ գործիքակազմն օգտագործելու ենք այս իշխանությունների հեռացման համար»,- նշել է նա։

***

Խորհրդարանական ընդդիմությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով 2021-ի մայիսին դուրս էր եկել փողոցային պայքարի։ Մոտ մեկուկես ամիս Ֆրանսիայի հրապարակում նստացույց անելուց հետո էլ ընդդիմադիրները չէին վերադառնում խորհրդարան։

Ընդդիմադիր մյուս խմբակցությունը՝ «Հայաստանը», հայտարարում է, որ խորհրդարան կվերադառնա, բայց իր օրակարգով։

Մեկնաբանել