Երկու պատերազմներից ու գերությունից հետո զոհվեց Ջերմուկի մարտերում․ սպա Արայիկ Առաքելյանի պատմությունը

2022-ի սեպտեմբերի 13-ին Ջերմուկի դիրքերից մեկում զոհվեց Զինված ուժերի պայմանագրային զինծառայող Արայիկ Առաքելյանը։ Նա մասնակցել էր Քառօրյա և 44-օրյա պատերազմներին, այնուհետև 2021-ի նոյեմբերի 16-ի մարտերի ժամանակ գերեվարվել էր, Հայաստան վերադարձել դեկտեմբերի 4-ին։ Չնայած այս ամենին՝ Արայիկը շարունակել է ծառայությունը։ 2022-ի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական հատուկջոկատայինները մեծածավալ ուժերով հարձակվել են Արայիկ Առաքելյանի դիրքի վրա, հակառակորդին հետ մղելուց հետո, ըստ հարազատների, Առաքելյանն օգնության է հասել հարևան դիրքի զինծառայողներին, զոհվել՝ մարտական հենակետում։ Արայիկի հարազատներն ասում են, որ դիրքի վրա հարձակվել են մի քանի հարյուր ադրբեջանական հատուկջոկատայիններ, դիրքապահները զեկուցել են վերադասներին, սակայն իրենց օգնության չեն հասել․ 9-հոգանոց անձնակազմը միայնակ է դիմագրավել հարյուրավոր հատուկջոկատայինների, ադրբեջանական ԱԹՍ-ների ու հրետանու հարվածներին։